Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում՝ Յաբրուդում, ականապատ ավտոմեքենայի պայթյուն է գրանցվել: Դրա հետևանքով կան զոհեր, տուժել են նաև ահաբեկչության կազմակերպիչներից մի քանիսը:
Ինչպես հաղորդում է սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը, Յաբրուդի ոստիկանության հաղորդած տվյալներով՝ ավտոմեքենայի պայթուցիկն աշխատել է այն ժամանակ, երբ ենթադրյալ ահաբեկիչները փորձում էին այն տեղադրել ավտոմեքենայում և արագ հեռանալ: Կան զոհեր ու վիրավորներ, որոնք թվաքանակի վերաբերյալ միայն նախանական տվյալներ են հաղորդվում: Համաձայն դրանց՝ խաղաղ բնակիչներից գրանցվել է 10 զոհ, ահաբեկիչների շարքում ևս զոհեր կան, սակայն դրանց թիվն այս պահի դրությամբ անհայտ է:
Նշենք նաև, որ պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Սիրիայում հաճախ են պայթյուններ եղել: Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի հետ սահմանակից Դարքուշ քաղաքում գրանցված ականապատ ավտոմեքենայի պայթյունի պատճառով զոհվել էր նվազագույնը 12 հոգի:
Հավելենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, մահացել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական: