Ադրբեջանում լրագրողների ռազմական ուսումնասիրությունների «Դոկտրինա» կենտրոնը հոկտեմբերի վերջին հրապարակել է Ադրբեջանի ուժային ու պաշտպանական գերատեսչությունների կորուստների զեկույցը: Այն միակ հասանելի, քիչ թե շատ վստահելի ադրբեջանական աղբյուրն է:
Հիմնվելով ադրբեջանական մամուլի հրապարակումների վրա՝ «Դոկտրինան» հաղորդում է, որ 2013-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանական համակարգերում գրանցվել է 76 կորուստ, 86 վիրավոր:
Ընդ որում, 76 կորուստներից 10-ը, ըստ ադրբեջանական վարկածի, «հայկական գնդակից» է զոհվել, 66-ը՝ ոչ մարտական պայմաններում:
Նկատենք, որ ՀՀ ՊՆ և ՊԲ մամուլի ծառայությունները Ռազմինֆոյի հետ զրույցներում բազմիցս անդրադարձել են Ադրբեջանի «հայկական գնդակից» զոհերին՝ շեշտելով, որ հայկական ԶՈւ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը:
Նշենք, որ ինչպես նախորդ զեկույցներում, այնպես էլ այս անգամ «Դոկտրինան» հատուկ ընդգծում է՝ կարևոր է «Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռագիլ Արազխան օղլու Ամիքիշինևի՝ անհայտ պայմաններում մահվան հանգամանքների բացահայտումը։
Հիշեցնենք, որ կուրսանտը մահացել էր 2013-ի մարտի 2-ին անհայտ հանգամանքներում։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը միայն նշել էր, որ կուրսանտը «հանկարծամահ է եղել», սակայն հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին։
66 ոչ մարտական կորւստներից 9 զոհվել են դժբախտ պատահարների (խեղդվել են, ընկել են, տանկի տակ են մնացել, հրդեհի պատճառով, հոսանքահարության և այլն), 14-ը՝ ավտովթարների, 3-ը՝ ուղղաթիռի կործանման, 3-ը՝ անհայտ պատճառներով, 2-ը՝ անզգուշության, 2-ը՝ քաղաքացիական անձերի հետ վեճի, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների, 11-ը՝ հիվանդության, 16-ը՝ ինքնասպանության հետևանքով զոհվածներն են։
Ընդ որում, 59-ը ՊՆ-ի, 4-ը սահմանապահ պետական ծառայության, 9-ը ներքին զորքերի, 1-ը պետական պարեկային հատուկ ծառայության, 1-ը զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության, 2-ը ԱԻՆ-ի զինծառայողներ են։
Հավելենք, որ ի տարբերություն նախորդ զեկույցների՝ այս զեկույցում վիրավորների վերաբերյալ մանրամասն տվյալներ բացակայում են:
Ադրբեջանի մարտական և ոչ մարտական կորուստների իրական թիվը պարզելը գրեթե անհնարին է, քանի որ ադրբեջանական կողմը ոչ բոլոր կորուստների փաստերն է հրապարակում։ «Դոկտրինա» կենտրոնի՝ յուրաքանչյուր ամսվա վերջում հրապարակվող զեկույցներն Ադրբեջանի ԶՈւ կորուստների վերաբերյալ մեզ համար դեռևս միակ հասանելի և քիչ թե շատ վստահելի բաց աղբյուրն են։