Ռազմինֆոյի ընթերցողներին տեղեկացնում ենք, որ մենք ռազմաշաբաթը պատրաստել ենք նաև տեսանյութի տեսքով, որը կարող եք գտնել նյութի վերջում:
Փակվել է Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը։ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի փոխարինում։ Քայլեր՝ Ինջիղուլյանին ազատելու համար։ Օհանյանը ներկայացրել է Ադրբեջանի քայլերը ՀԱՊԿ ԽՎ-ում։ Հունաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում։ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը մեկնաբանում է վերջին իրադարձությունները։ Ավստրիայի պատվիրակությունը ՊՆ-ում։ Ռազմինֆոն կազմակերպել էր լրագրողների այց սահման։ Նախագահը Ֆիլիպ Լեֆորի հետ քննարկել է Արցախյան հիմնախնդիրը։
Սահմանամերձ գյուղերում հիմնական գործատուներից մեկը ՀՀ զինված ուժերն են։
1. Հոկտեմբերի 30-ին հակառակորդը կրակել էր սահմանամերձ Բարեկամավան և Դովեղ գյուղերի, ինչպես նաև Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ անվտանգության աշխատանքներ կատարելու համար փակվել էր Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը։
2. Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայում սկսվել է զինծառայությունն ավարտած անձնակազմի հերթական փոխարինումը։ Նրանց փոխարինելու են ռուսական ուսումնական զորամասերում պատրաստություն ստացած զինծառայողներ։ Ռազմինֆոն զրուցել է ռազմաբազայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանի հետ։ Նա փաստեց, որ ծառայությունն ավարտող զինծառայողներն արդեն մեկնում են Ռուսաստան, որտեղ էլ կզորացրվեն մինչև դեկտեմբերի վերջ։ Նրանց փոխարինումը նորակոչիկներով կկատարվի նոյեմբերի ընթացքում։
3. Հոկտեմբերի 28-ին Ազգային Ժողովում Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր լրագրողներին, որ միջնորդավորված քայլեր են ձեռնարկվում ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար։ Նախարարի մամուլի քարտուղարը Ռազմինֆոյի հետ զրույցում նշել էր, որ Ադրբեջանը շարժվում է Հակոբին վախեցնելու, ահաբեկելու, նրա խոսքերը խեղաթյուրելու ուղիով։ Նա նույնպես հաստատեց, որ միջազգային հեղինակավոր կառույցների հետ համատեղ քայլեր են ձեռնարկում Հակոբին գերությունից ազատելու համար։
4. Հոկտեմբերի 30-ին Երևանում նախարար Օհանյանն ընդունեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պատվիրակությունների անդամները: Նախարարն անդրադարձավ վերջին տարիներին Ադրբեջանի սպառազինմանը, հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի խախտման դեպքերի աճին, ինչպես նաև հարևան երկրի ռազմատենչ հայտարարություններին և հակահայկական քարոզչությանը։
5. Սեյրան Օհանյանի հրավերով հոկտեմբերի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը:Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Բերքաբերից հստակ երևում են ադրբեջանական կրակակետերը։ Գյուղի տարածքից մինչև ադրբեջանական դիրքերը 750–1000 մետր է։
6. Ազատամարտիկների սոցիալական ապահովման համար պայքարող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով ներկայումս կալանավորված է խարդախության մեղադրանքով, այս շաբաթ հայտարարություն է տարածել։ Նա նշել է, որ անկախ ամեն ինչից՝ շարունակելու է պայքարը։ Ռազմինֆոն մեկնաբանություն ստացավ նրա փաստաբան Արա Զաքարյանից, ով հայտնեց որ մինչ այժմ քննչական մարմինը ոչինչ չի արել, նույնիսկ առերեսում, որը պարտավոր էր անել։ Ըստ Զաքարյանի՝Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը սոսկ քաղաքական հայացքների համար է։
7. Հոկտեմբերի 28-ին Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին, ՀՀ-ում Ասվտրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին և ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության ռազմական կցորդ Հելմուտ Ֆելներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Կրաուտը հավաստեց, որ Ավստրիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բարեփոխումներին առնչվող մի շարք ոլորտներում:
8. «Տավուշի մարզ. կյանքը և պատերազմը շփման գծի մոտ» ծրագրի շրջանակներում Ռազմինֆոն հոկտեմբերի 25-ին կազմակերպել էր մի խումբ լրագրողների ճանաչողական այց սահման։ Լրագրողները հանդիպել և զրուցել են սահմանամերձ Բերքաբեր գյուղի գյուղապետի և բնակիչների հետ։ Այնուհետև այցելել են սահմանային զորամասերից մեկի մարտական դիրքեր։ Մանրամասներն՝ այստեղ։
9. Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ում հետ քննարկվել է նաև Արցախի հիմնախնդիրը։ Հանդիպմանն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին։
Ռազմաշաբաթը նաև՝
Թուրքիայում
Ադրբեջանում