Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 31-ին հարվածել են Սիրիայի Լաթաքիա նահանգի ռազմաբազային։ Հարվածի մասին հայտնում են նաև իսրայելական լրատվամիջոցները, չնայած պաշտոնական Իսրայելը շարունակում է լռել՝ նշելով, որ չեն պատրաստվում մեկնաբանել արտասահմանյան հայտարարություններին։
Նշենք, որ հարված հասցնելու մասին հայտարարել է նաև CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ներկայացուցչին։
Ըստ աղբյուրների՝ ռազմաբազայում պահվել են հրթիռներ և այլ ռազմամթերք։ Իսրայելական ենթադրությունների համաձայն՝ ռազմամթերքը նախատեսված էր Լիբանանի շիա մուսուլմանների «Հըզբոլլահ» շարժմանն աջակցելու համար։
Ինչպես տեղեկացնում է իսրայելական «Հաարեց» թերթը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի գործակալությանը, նույն օրը իսրայելական ինքնաթիռները հարվածել են նաև Դամասկոսին։ Դեռևս հայտնի չէ, թե այդ միջադեպից հետո կողմերից մեկն այս կամ այն կերպ տուժել է, թե՝ ոչ։
Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին Իսրայելին արդեն մի քանի անգամ մեղադրել են Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելու համար։ Այս տարվա մայիսին իսրայելական հրթիռները հարվածել են Դամասկոսի արվարձաններից մեկում տեղակայված հետաքննական կենտրոնին։ Դրանից հետո իսրայելական աղբյուրներն այդ քայլը բացատրեցին նրանով, որ այդ կենտրոնում է պահվում «Հըզբոլլահ» շարժմանը տրամադրվելիք հրթիռների խմբաքանակը։
Ավելի վաղ՝ հունվարին, ԱՄՆ-ն ու Սիրիան մեղադրեցին Իսրայելին նույն կենտրոնին հրթիռային հարված հասցնելու համար։ Այդ ժամանակ Դամասկոսը հայտարարեց, որ միջադեպից մահացել է կենտրոնի 2 աշխատակից։
Հետաքրքիրն այն է, որ վերջին ժամանակներս Իսրայելը չեզոք դիրք էր գրավել՝ չպաշտպանելով կողմերից և ոչ մեկին։ Սակայն նոյեմբերի 17-ին Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը առաջին անգամ հայտարարեց, որ Երուսաղեմը կողջուներ Բաշար Ասադի ղեկավարության հրաժարականը, քանի որ սիրիական զինյալները կապված չեն Իրանի հետ։ Դեսպանը նշել էր նաև, որ Իսրայելը չի աջակցի «ալ Կաիդա» խմբավորման հետ առնչվող զինյալներին։
Բացի այդ, Իսրայելը վաղուց իր մտահոգությունն է հայտնում, որ Սիրիայի քիմիական և հրթիռային զենքերը կարող են հայտնվել Լիբանանի շիա մուսուլմանական «Հըզբոլլահ» խմբավորման ձեռքում, որն էլ պաշտպանում է Բաշար Ասադի ռեժիմը։ Նրանք բազմիցս շեշտել են, որ ամեն գնով դա թույլ չեն տալու։