Ռուսաստանը ԱՄՆ-ին է տրամադրել 12 ուղղաթիռ՝ Աֆղանստանին փոխանցելու համար

Ռուսական պետական «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությունն ԱՄՆ-ին է տրամադրել 12 միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռ, որոնք ԱՄՆ-ն փոխանցելու է Աֆղանստանի զինված ուժերին ու ոստիկանությանը որպես օգնություն։

Գործարքի պայմանագիրը կնքվել է 2012-ին, իսկ ուղղաթիռների տրամադրումն ավարտվել է 2013-ի հոկտեմբերին։

Մի-17. Աֆղանստան

Մի-17 ուղղաթիռները Աֆղանստանում

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղղաթիռների վաճառքի առաջին պայմանագիրը կնքվել էր 2011-ին, իսկ պայմանագրով նախատեսված 21 ուղղաթիռների տրամադրումը ավարտվել էր 2012-ին։ Դրանից հետո՝ 2012-ին կնքվել էր նոր` 12 միավոր ուղղաթիռների տրամադրման պայմանագիրը, որն էլ իրականացվել է 2013-ի հոկտեմբերին։
Նշենք, որ հաջորդ տարի ԱՄՆ-ն նախատեսում է Ռուսաստանից է գնել ևս 30 ուղղաթիռ, ինչից հետո դրանց ընդհանուր քանակը կհասնի 63-ի։ ԱՄՆ-ին տրամադրված ուղղաթիռները հետագայում փոխանցվելու են Աֆղանստանին որպես օգնություն։

Պատճառն այն է, որ ԱՄՆ-ն ավարտել է պատերազմը Աֆղանստանում ու նախատեսում է իր զորքերն ամբողջությամբ դուրս բերել 2014-ին։ Այդ պատճառով ԱՄՆ-ն փորձում է ուժեղացնել աֆղանական զինված ուժերը, որպեսզի հետագայում Աֆղանստանում գործող զինված խմբավորումները նորից գլուխ չբարձրացնեն։
Աֆղանստանին տրամադրելու համար ընտրվել են Մի-17Վ-5 ուղղաթիռները, քանի որ, ինչպես նշվում է, դրանք ավելի քիչ ծախսատար են ու հարմար են աֆղանական լեռնային տեղանքում գործողություններ իրականացնելու համար։

Մի-17 ուղղաթիռը՝ Աֆղանստանի ԶՈւ-ում

Մի-17 ուղղաթիռը՝ Աֆղանստանի ԶՈւ-ում

Հիշեցնենք, որ Մի-17Վ-5 (Մի-8ՄՏՎ-5)-ը բազմաթիրախային ուղղաթիռ է։ Այն խորհրդային Մի-8 ուղղաթիռի արտահանվող տարբերակն է։ Կարող է կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական գործողությունների դեպքում։ Ուղղաթիռի անձնակազմը 3 հոգի է, դեսանտի քանակը կարող է լինել մինչև 24 մարդ։
Ուղղաթիռի «դատարկ» զանգվածը շուրջ 7,5 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 13 տոննա։ 2000 ձիաուժանոց երկու շարժիչների օգնությամբ այն կարողանում է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ շուրջ 590 կմ։
Նշենք, որ Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռներն աշխարհի մոտ 50 երկրների սպառազինության մեջ են։ Մեկ միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռի արժեքն է 14,75-17,5 մլն ԱՄՆ դոլար։

One response to “Ռուսաստանը ԱՄՆ-ին է տրամադրել 12 ուղղաթիռ՝ Աֆղանստանին փոխանցելու համար

  1. Pingback: Աֆղանստանում Մի-17 ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա զոհ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *