ՆԱՏՕ-ն ուսումնամարզական կենտրոն է հիմնելու Ադրբեջանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդած տվյալներով՝ նոյեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը ժամանելու է Բաքու՝ ուսումնամարզական կենտրոնի հիմնադրման մանրամասները քննարկելու։

ադրբեջանական բանակ

Ըստ նույն աղբյուրի՝ փորձագետները պաշտոնական հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների, այդ թվում՝ նորանշանակ նախարարի հետ։ Քննարկվելիք հարցերի շարքում են Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ծառայության հարցերը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինծառայողները 2002-ի նոյեմբերից ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 90 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը և ISAF-ի զինանոցը։
Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են 2001-ի դեկտեմբերի 20-ին` համաձայն ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի, իսկ 2003-ի օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։ Սկզբնական շրջանում ISAF-ի գոտին միայն մայրաքաղաք Քաբուլն էր, իսկ 2003-ի հոկտեմբերից ՄԱԿ ԱԽ-ն որոշեց ընդլայնել առաքելության գոտին և 2006-ի հոկտեմբերին այն ընդգրկեց Աֆղանստանի ողջ տարածքը։

Խաղաղապահ առաքելության ջոկատներին ծրագրվում է դուրս բերել Աֆղանստանից մինչև 2014-ի ավարտը։

Չնայած նրան, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման գործընթացի ավարտը հեռու չէ, Ադրբեջանը, ըստ ՊՆ-ի, որոշել է այնտեղ շարունակել իր առաքելությունը, սակայն ոչ ռազմական ոլորտում։ Մասնավորապես, այս պահի դրությամբ Աֆղանստանում աշխատանքներ են տարվում Ադրբեջանից ժամանած ռազմական բժիշկների՝ աֆղան զինծառայողներին ուսուցանելու գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։ Ծրագրվում է կազմակերպել որոշ աֆղան ռազմական բժիշկների հետագա ուսուցումն Ադրբեջանի ռազմական ուսումնական հաստատություններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *