Թուրքիան ավելի խիստ է պատժելու ծառայությունից խուսափողներին

Թուրքիայում խստացնում են պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող քաղաքացիների համար նախատեսված տուգանքի չափը։ Պատճառը ծառայությունից խուսափողների մեծ թիվն է։

Համապատասխան հայտարարությունն արել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ով նաև նշել է, որ երկրում բավական մեծ թիվ են կազմում ծառայությունից խուսափող անձինք, որոնց նկատմամբ վերաբերմունքը պետք է զգալի խստացվի։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Էրդողանն անցած շաբաթ իր ելույթում նշել է, որ 600.000-ից ավել քաղաքացի զինծառայությունից խուսափում է, և նրանց պետք է պատասխանատվության եթնարկել։

Դիցուք, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր անձնակազմի թիվը հասնում է 650.000-ի, իսկ ժամկետային զինծառայողների թիվը՝ շուրջ 386.000 մարդու։

Թուրքիայի ԶՈւ թվաքանակի վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ

Այս ցուցանիշը նվազեցնելու համար էլ թուրքական իշխանությունները փորձում են տուգանքներն ու պատիժները խստացնելու միջոցով պայքարել։

Ըստ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների՝ ծառայությունից խուսափողները, կախված խուսափելու ժամկետից, պարտավոր են 1200 թուրքական լիրայից (շուրջ 600 ամերիկյան դոլար) մինչև 48.000 թուրքական լիրա (շուրջ 24.000 ամերիկյան դոլար) տուգանք վճարել։

Այսպես, նոր փոփոխություններով, օրինակ, եթե զինապարտները խուսափում են ծառայությունից 3 տարի, նրանց տուգանելու են 6.000 թուրքական լիրայով (շուրջ 3000 ամերիկյան դոլար)։

Իսկ ահա 20 տարի շարունակ ծառայությունից խուսափած անձանց համար սպասվում է 48.000 թուրքական լիրա տուգանք։

Այսպիսով, կարելի է ասել, որ փոփոխությունների արդյունքում տուգանքներն աճել են գրեթե երկու անգամ։

Հակիրճ ներկայացնենք, թե քանի ամիս խուսափելու դեպքում ինչ տուգանք  է նախատեսված նոր փոփոխություններով.

մինչև 4 ամիս – 600 դոլար,

մինչև 1 տարի – 1650 դոլար,

մինչև 5 տարի – 5500 դոլար,

մինչև 15 տարի – 13.000 դոլար,

մինչև 20 տարի – 24.000 դոլար

Ամեն դեպքում, թուրքական կառավարությունը որոշել է զգալի մեղմացումներ մտցնել ծառայությունից խուսափած, սակայն հետագայում կամավոր հիմունքներով  ներկայացած զինապարտների համար։ Կամավոր ներկայացածները վճարելու են նախատեսված տուգանքի 1/3-ը։

Ինչևէ, արդեն փաստ է, որ այս փոփոխություններն ուժի մեջ են։ Այսպիսով, Թուրքիայում ծառայությունից խուսափողներն այսուհետ ևս ենթարկվելու են վարչական, այլ ոչ ավելի խիստ՝ քրեական պատասխանատվության (ինչպես, ասենք, Հայաստանում է)։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ծառայությունից խուսափողներին հայտնաբերելու աշխատանքները շարունակելու է տանել նաև ոստիկանությունը, ինչը և սկսվել էր անել 2012 թվականից, մինչդեռ նախկինում դրանով զբաղվում էին միայն  պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը (մասնավորապես, ժանդարմերիան)։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի կառավարության և զինված ուժերի հրամանատարության համաձայնությամբ օրերս պաշտոնապես կրճատվել էր պարտադիր զինծառայության ժամկետը։

Թուրքիայում ներկայում գործում է երկու տեսակ պարտադիր զինծառայություն՝ «կարճ» և «երկար»։

«Կարճ» ծառայությունը նախատեսված է բուհեր ընդունված և կամ ավարտած զորակոչիկների համար և տևում է 6 ամիս։

«Երկար» զինծառայությունը նախատեսված է մյուս զորակոչիկների համար և մինչ փոփոխությունը տևում էր 15 ամիս։ Սակայն նոր կարգով 2014 թվականի հունվարի 1-ից «երկար» ժամկետը 15 ամսից դառնալու է 12 ամիս, սակայն «կարճ» ժամկետը փոփոխության չի ենթարկվելու և նախկինի պես մնալու է 6 ամիս։

Զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ

Հավելենք, որ Թուրքիայում զորակոչային տարիքը 20-ն է։ Թուրքական զինուժ են զորակոչվում երկրի արական սեռի քաղաքացիները։

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *