Հոկտեմբերի 30-ին Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ուժգին պայթյունների շարք է գրանցվել: Նախնական տվյալներով՝ մեղավորները Հյուսիսկովկասյան զինյալների խմբավորումներն են:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հոկտեմբերի 30-ին Մախաչկալայում մեկ օրում մի քանի պայթյուններ են իրականացվել կենտրոնական փողոցների հատման տեղերում: Հայտնի է, որ ռումբերը տեղադրվել էին խանութներում, որոնցից մեկում ալկոհոլի վաճառք էր կատարվում:
Պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հարևան խանութների ու սրճարանների ուղղությամբ: Պայթյունները միաժամանակ չեն եղել. սկզբում մի ռումբ է պայթել, իսկ երբ դեպքի վայրում մարդկանց մեծ քանակ է հավաքվել, գործի է դրվել երկրորդ՝ առավել մեծ ազդեցություն ունեցող ռումբը:
ՌԴ քննչական հանձնաժողովը հայտարարել է, որ արդեն իսկ քրեական գործ է հարուցված «սպանություն», «իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքին սպառնալու», «զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն», «ուրիշի սեփականության կանխամտածված վնաս հասցնելու», «ավտոտրանսպորտի ապօրինի օգտագործում» հոդվածներով։
Ներկա դրությամբ հայտնի տվյալներով՝ տուժել է 18 հոգի, զոհվել՝ մեկը, սակայն ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհվածի մասին։ Տուժածների շարքում նվազագույնը 3 ոստիկան կա:
Նշենք, որ սրանք ընդամենը նախնական տվյալներն են:
Հաշվի առնելով պայթյունների իրականացման ձևն ու այլ մանրամասներ՝ ոչ պաշտոնական աղբյուրների վկայությամբ՝ դրանք իրականացրել են Հյուսիսային Կովկասի զինյալների խմբավորում կամ մի քանի խմբավորումներ: