Ռենոն ստեղծել է Sherpa-ի ծանր մոդիֆիկացիան

Ֆրանսիական Ռենո ընկերությունը ներկայացրել է իր Sherpa APC (Շերփա ԷյՓիՍի) մարտական զրահապատ մեքենայի Sherpa APC XL նոր մոդիֆիկացիան։

Նոր մեքենայի անվանն ավելացրել են XL մասնիկը՝ ցույց տալու համար, որ այն ավելի մեծ չափեր ունի, քան իր նախորդ տարբերակը։

Նոր մեքենայի ներքին ծավալը հասցվել է մինչև 11 խորանարդ մետրի, ինչը հարմարություն է ստեղծել անձնակազմի կամ հատուկ ջոկատների ամբողջական հանդերձավորված տեղափոխման համար։

Մեքենայի այս տարբերակը նախորդի համեմատ ստացել է նաև լրացուցիչ դռներ դեսանտի համար։ Ինքնաշեն պայթուցիկ միջոցներից ու զրահահար փամփուշտներից պաշտպանության համար մեքենայի վրա լրացուցիչ զրահի տեղադրման հնարավորություն է նախատեսված։

Նոր Sherpa-ի առավելագույն արագությունը 110 կմ/ժ է, երթի պաշարը՝ մոտ 800 կմ։

Sherpa Light APC ֆրանսիական զրահամեքենան (նախորդ՝ թեթև տարբերակը) առաջին անգամ ներկայացվել է 2006-ին։ Մեքենան զինված է 12,7 մմ գնդացրով։ Անձնակազմը 4 կամ 5 հոգի է, զանգվածը 7,7-ից 9,8 տոննա, կարող է կրել մինչև 4 տոննա բեռ։

Մեքենայի վրա դրված է 215 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով մեքենան կարողանում է զարգացնել 110-120 կմ/ժ արագություն։ Ներկայումս Sherpa Light APC մեքենաներով սպառազինված են Եգիպտոսի, Ինդոնեզիայի ու մասամբ ճանաչված Կոսովոյի զինված ուժերը։

Հիշեցնենք, որ վերջեր կնքված պայմանագրով Ռումինիան հնարավորություն է ստացել արտադրել մինչև 10.000 միավոր ռազմական տեխնիկա, որոնց մի մասը կլինեն հենց Sherpa Light APC զրահապատ մարտական մեքենաներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *