Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին: Ադրբեջանական բանակում զինվոր է մահացել: Գերմանիան Իսրայելին խորհուրդ է տալիս զերծ մնալ զենքի կիրառումից: Իսկ Արաբական երկրների լիգան ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահ ուժեր մտցնել Սիրիա:
- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է խաղաղապահության, ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ուղղություններով:
- Արաբական պետությունների լիգան ՄԱԿ-ին կոչ է արել զորք մտցնել Սիրիա: Սակայն Սիրիան մերժել է Արաբական պետությունների լիգայի այդ բանաձեւը, որով նախատեսվում է, որ խաղաղապահները պետք է հանդես գան ի պաշտպանություն սիրիական ընդդիմությանը:
- Միաժամանակ, ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավար, շեյխ Աբդալա բեն-Զահիդ ալ-Նահայանը շտապել է հայտնել, որ Արաբական երկրների լիգան սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն չի ցուցաբերելու:
- Շարունակվում է քննարկվել նաև Իրանի դեմ հավանական պատերազմի թեման: «Իրանի դեմ պատերազմում հաջողությունը քիչ հավանական է, իսկ քաղաքական վնասը հսկայական կլինի»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դը Մեզյերը՝ Իսրայելին խորհուրդ տալով ձեռնպահ մնալ Իրանի դեմ պատերազմից:
- Իր հերթին՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է. «Եթե մեր երկրի դեմ նոր դավեր նյութեն՝ հետևանքները կանդրադառնան ողջ տարածաշրջանի վրա»:
Օրն առանց զոհերի չի անցել ադրբեջանական բանակում. այնտեղ ծանր հիվանդության պատճառով ադրբեջանցի զինծառայող է մահացել: Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ թուրքական ընկերությունը սկսել է ռեակտիվ հրթիռներ առաքել Ադրբեջան: Հայտնի է, որ հրթիռները տարբեր տրամաչափի են, սակայն պայմանագրի արժեքի ու հրթիռների տրամադրման ժամկետների մասին չի հայտնվում, բայց հրթիռների առաջին խմբաքանակն արդեն իսկ ուղևորվել է Ադրբեջան: