Իրաքի վարչապետը մեկնել է ԱՄՆ՝ սպառազինության տրամադրումն արագացնելու

Իրաքի վարչապետը ժամանել է ԱՄՆ՝ իսլամիստական ծայրահեղության դեմ պայքարում օգնության ակնկալիքով։ Վարչապետը թերևս պայմանավորվելու է չհետաձգել «ահաբեկչության դեմ պայքարում կիրառվող» հարձակողական սպառազինության տրամադրումն Իրաքին։

 M1135 Stryker

M1135 Stryker

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հոկտեմբերի 29-ին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքը ժամանել է Վաշինգտոն՝ աշխատանքային այցով։ Դեռևս Բաղդադում նա հայտարարել էր, որ հիմնական նպատակը հակահաբեկչական պայքարում ԱՄՆ-ի աջակցությունը ստանալն է։

Ակնկալվում է, որ վարչապետը կխնդրի արագացնել F-16 կործանիչների, ինչպես նաև մարտական ուղղաթիռների տրամադրումը։

Նկատենք, որ շիա ուղղության հետևորդ Նուրի ալ-Մալիկը վարչապետի պաշտոնը ստանձնել է ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ։ ԱՄՆ զորքերի հեռացումից հետո վարչապետին որոշ ժամանով բանտարկել էին, ապա աքսորել։ Աքսորի կողմ էին հիմնականում սուննի մուսուլմանները։ Պատճառն այն էր, որ ալ-Մալիկի պաշտոնավարման ժամանակ հաճախ էին իրականացվում սուննիների զանգվածային մահապատիժներ։

Բացի այդ, ալ-Մալիկին մեղադրում են հարևան Սիրիայի քաղաքացիական պատերազմում սուննիների մասնակցությունը խթանելու համար։

Նշենք, որ մեծ քանակությամբ զինված սուննի մուսուլմաններ Սիրիայում պայքարում են շիա դավանող Բաշար Ասադի դեմ։ Իրաքի և Սիրիայի սուննիները պաշտոնապես պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու՝ ստեղծելով «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությունը։ Նրանք շիաներին համարում են հերետիկոսներ, որոնք «պղծում են իսլամի կանոնները»։

Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա հիշեցնենք, որ դեռևս հուլիսի կեսերին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ-ն 50 միավոր M1135 Stryker հետախուզական մեքենաներ կտրամադրի Իրաքին հակահաբեկչական պայքարում։ Պենտագոնը մտադրություն ուներ վաճառել Իրաքին 12 միավոր Bell 412EP ուղղաթիռ, ինչպես նաև պայմանագրի մեջ ներառել ուղղաթիռների սպասարկման և անձնակազմի վերապատրաստման պատասխանատվությունը։

Հավելենք, որ Իրաքը սպառազինության գնումներ է կատարում նաև Ռուսաստանից։ Ընթացիկ տարվա հունիսի սկզբներին «Ռոսօբորոնէքսպորտն» ու իրաքյան կողմը Փարիզում պայմանագիր են կնքել Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռներ ձեռք բերելու շուրջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *