Պակիստանը AH-1F Cobra ուղղաթիռ է կորցրել

Պակիստանի զինված ուժերի Կոբրա AH-1F (AH-1F Cobra) ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիսարևելյան Գունջարվալ քաղաքից  ոչ հեռու։ Նախնական վարկածով՝ ուղղաթիռի վայր ընկնելու պատճառ է եղել տեխնիկական անսարքությունը։

Ուղղաթիռը վայր է ընկել հոկտեմբերի 28-ին Ռահվալի բնակավայրի մոտակայքում։ Վթարի հետևանքով ուղղաթիռի երկու օդաչուները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիդանդանոց, տեղեկացնում է Defense News ռազմական լրատվակայքը։

Ներկայում հետաքննություն է ընթանում՝ պարզելու վթարի պատճառները։

Լուսանկարից երևում է, որ ուղղաթիռը մակերևույթին բախվելուց հետո երկու մասի է բաժանվել։

Նշենք, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ պակիստանյան օդուժն ունի շուրջ 40 միավոր AH-1F Cobra ուղղաթիռ։

Հավելենք, որ Պակիստանը փորձում է թարմացնել հարվածային ուղղաթիռների պարկը։

Պակիստանյան կողմին ուղղաթիռներ մատակարարելու համար պայքարում են Թուրքիան և Միացյալ Նահանգները։ Թուրքերն առաջարկում են իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռների հիմքի վրա ստեղծված և դեռ փորձարկումների փուլում գտնվող T129 Atak ուղղաթիռը, իսկ ԱՄՆ-ն՝ AH-1Z Viper հարվածային ուղղաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *