Քրդերը մեղադրում են Սիրիայի զինյալներին քիմիական զենք կիրառելու համար

Սիրիայի հյուսիսարևելքում բնակվող քրդերը մեղադրանքներ են ներկայացրել Սիրիայի զինյալներին՝ իրենց դեմ քիմիական զինամթերք օգտագործելու համար։ Զինյալների խմբավորումները դեռևս չեն արձագանքել այս մեղադրանքներին։

Հոկտեմբերի 29-ին լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ սահմանին տեղակայված Ռաս-ալ-Այնի քաղաքի քրդերը բողոքել են, որ զինյալների կիրառած զինամթերքի պայթյունից հետո օդում դեղին ամպ է բարձրացել, որից հետո բնակչության մոտ հաճախակի են դարձել ինքնազգացողության վատթարացման, մասնավորապես՝ սրտխառնոցների դեպքերը։

Նկատենք, որ քիմիական թունավոր նյութերի օգտագործումը հանգեցնում է սրտխառնոցի և գլխապտույտների։

Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Ռաս-ալ-Այնիում վերջին 2 օրերի ընթացքում դաժան մարտեր են ընթացել քրդերի և «Ալ Նուսրայի ճակատ» ու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղ իսլամիստական խմբավորումների զինյալների միջև։

Քրդերի վկայությամբ՝ այդ ընթացքում իրենց հաջողվել է ոչնչացնել 28 զինյալ։ Ուստի նման զինամթերքի կիրառման հանգամանքն իրականությունից հեռու չէ։

Հավելենք, որ քրդերը կազմում են Սիրիայի բնակչության շուրջ 10%-ը՝ հիմնականում բնակվելով երկրի հյուսիսարևելյան շրջաններում։ 2011-ին Բաշար Ասադի համախոհների և հակառակորդների հակամարտության սկսվելուց հետո քրդերը միաձայն հայտարարեցին՝ չեն սատարելու կողմերից որևէ մեկին։ Սիրիայի քրդաբնակ շրջաններում կազմավորվել են կամավորների ջոկատներ, որոնք նպատակը, համաձայն քրդերի, սեփական ազգաբնակչության պաշտպանությունն ՝է կառավարական զորքերից ու զինյալներից։

Բացի այդ, առավել կազմակերպված զինված խմբեր ունի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսացկությունը (PYD), որն էլ սիրիաբնակ քրդերի հիմնական ռազմական ուժՆ է։

Հիշեցնենք, որ հակամարտության սկսվելուց ի վեր կառավարական զորքերն ու զինյալները պարբերաբար մեղադրանքներ են ներկայացնում միմյանց քիմիական զենքի կամ արգելված թունավոր նյութերի օգտագործման հարցում։ Աղմկահարույց էր հատկապես 2013-ի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման միջադեպը, որը պատճառ դարձավ, ըստ արևմտյան կազմակերպությունների տվյալների, ավելի քան 1500 մարդու մահվան համար, բացի այդ Արևմուտքը հակամարտությանը ռազմական միջամտության պատրաստակամություն հայտնեց։ Միջազգային կազմակերպությունների զեկույցներից այդպես էլ պարզ չդարձավ՝ կառավարությունն էր կիրառել քիմիական թունավոր նյութերը, թե զինյալների խմբավորումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *