Չինաստանն ու Հնդկաստանը բանակցություններից հետո կնքել են Սահմանային համագործակցության համաձայնագիրը (BDCA), որով կարող է մեղմվել սահմանային լարվածությունը, որն ունի տասնամյակների պատմություն և վերջին շրջանում սրացումներ է արձանագրում։
Չինաստանն ու Հնդկաստանը համաձայնագիրը կնքել են հոկտեմբերի 23-ին Պեկինում։ Չինական կողմից համաձայնագրի տակ ստորագրել է երկրի վարչապետ Լի Կեքիանը, իսկ հնդկական կողմից՝ երկրի վարչապետ Մանհոման Սինգհը, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Համաձայնագրում նշվում է, որ կողմերը չպետք է ուժի կիրառմամբ խախտեն շփման գիծը կամ էլ սպառնան անել դա։
Նման համաձայնագրի կնքումը թույլ կտա կողմերին մեղմել լարվածությունը սահմանային վիճելի Լադակհ շրջանում, որը երկար տասնամյակներ կռվախնձոր է Պեկինի և Դելիի համար, և կողմերը չունեն հաստատված սահման։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին վիճելի սահմանային տարածքում գրանցվեց հերթական բախումը, երբ ապրիլի 15-ին չինական բանակի ստորաբաժանումները ներխուժեցին Լադակհ շրջանի հնդկական տարածքներ և ուղղաթիռների աջակցության շնորհիվ այնտեղ ռազմական վրանային ճամբար հիմնեցին։ Բանակցությունների շարքից հետո կողմերը համաձայնության եկան հետ քաշել զորքերը նախնական կետեր՝ պահպանելով ստատուս-քվոն։
Հավելենք, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև շփման գիծն ունի մոտ 4 հազար կմ երկարություն։ Դեռևս 1996-ին կողմերը ստորագրել են համաձայնագիր, որը կետերից մեկում ասվում է. «Կողմերից և ոչ մեկը երբևէ իրավասություն չի ունենալու փոխել շփման գիծը կամ վերանայել այն»։
Թեև նախկինում և վերջին շրջանում նույնպես տարբեր համաձայնագրեր են կնքվել, սակայն, այնուամենայնիվ, հիմալայան այդ տարածքի կարգավիճակի վերաբերյալ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել։