Անձնակազմի փոխարինում՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում արդեն սկսվել է զինծառայությունն ավարտած անձնակազմի փոխարինում։ Նրանց փոխարինելու են գալիս ռուսական ուսումնական զորամասերում պատրաստություն ստացած զինծառայողներ։

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանը։

«Մեզ մոտից ծառայությունն ավարտած զինծառայողներն արդեն գնում են Ռուսաստան, որտեղ էլ մինչև դեկտեմբերի վերջ կզորացրվեն։ Նրանց փոխարեն մինչև նոյեմբերի վերջ կգան նորերը»,- պարզաբանեց գնդապետ Կարապետյանը։

Աշոտ Կարապետյանը փաստեց նաև, որ զինծառայողների առաջին խումբն արդեն եկել է, մյուսները կգան ամսվա ընթացքում։

Նրանց թվում են ինչպես շարքայիններ, այնպես էլ սերժանտներ, ովքեր Ռուսաստանի ուսումնական զորամասերում ստացել են դիպուկահարի, նռնականետորդի, հետախույզի, մեխանիկ-վարորդի,  նշանառու-օպերատորի պատրաստություն։

Նոր ժամանածները 15 օրով ազատվում են ֆիզիկական մեծ լարվածություն ենթադրող գործողություններից, որպեսզի հնարավորություն ունենան վարժվել կլիմայի փոփոխությանը։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում: 2010 թվականին Ռուսաստանն ու Հայաստանը երկարաձգել են բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *