Բելառուսին կտրամադրվի 4 միավոր Ս-300. Շոյգու

Ռուսաստանի ու Բելառուսի պաշտպանության նախարարների այսօրվա հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը մտադիր է Բելառուսին փոխանցել 4 միավոր Ս-300 զենիթահրթիռային համալիրներ, սակայն որ մոդիֆիկացիայի, չի մանրամասնվել:

Ս-300ՊՄՈւ-1-ի բաղադրիչ

Ս-300ՊՄՈւ-1-ի բաղադրիչ

Ինչպես հայտնում է ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, համալիրների տրամադրումը կիրականացվի տարածաշրջանային միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրի շրջանակներում։

Միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման մասին պայմանավորվածությունը ՌԴ-ի ու Բելառուսի միջև կնքվել է դեռևս 2009-ի փետրվարին։ Նախատեսված էր դրա հիման վրա ստեղծել ԱՊՀ Արևելաեվրոպական մասի միասնական ՀՕՊ համակարգ։ Արդեն 2012-ի վերջին նախատեսված էր ստեղծել այդ համակարգի էլեկտրոնային կառավարում, որը կիրականացվեր ավտոմատացված ռեժիմով։

Նախատեսված է տարածաշրջանային միասնական ՀՕՊ համակարգեր ստեղծել նաև Կովկասում ու Միջին Ասիայում։ Մասնավորապես 2013-ին նույնպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի ու Ղազախստանի միջև, որից հետո, ըստ Ղազախստանի պաշտպանության նախարարի, ՌԴ-ն անհատույց Ղազախստանին էր հանձնելու Ս-300 համակարգեր։

Ենթադրվում է, որ տարածաշրջանային համակարգերի ստեղծումից հետո կմշակվի ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի մարտական հերթապահության իրականացման ու տեղեկատվության փոխանակման կարգը։

Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան ու Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Իսկ ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենիան։

2 responses to “Բելառուսին կտրամադրվի 4 միավոր Ս-300. Շոյգու

  1. Pingback: Ռուսաստանը Բելառուսին անվարձահատույց փոխանցում է Ս-300 համալիրներ | Ռազմ.info

  2. Pingback: Բելառուսն անվարձահատույց 4 միավոր Ս-300 ԶՀՀ կստանա Ռուսաստանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *