Միջազգային կառույցների հետ համատեղ Ինջիղուլյանին գերությունից ազատելու քայլեր են արվում. ՊՆ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն բացահայտել էր, որ միջնորդավորված կերպով քայլեր են ձեռնարկվում ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար։ ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանում է իրավիճակը։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Մենք նույն տեսակետին ենք մնում։ Ադրբեջանը գնում է ռազմագերուն վախեցնելու, ահաբեկելու, նրա խոսքերը խեղաթյուրելու ուղիով, իսկ մենք միջազգային հեղինակավոր կառույցների հետ համատեղ քայլեր ենք ձեռնարկում մեր զինվորին գերությունից ազատելու նպատակով։ Կարևորն արդյունքն է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին, ում հետ քննարկել էր նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը։

Հոկտեմբերի 17-ին Ինջիղուլյանի հարազատներից մեկը Ռազմինֆոյի հետ հեռախոսազրույցում  շեշտել էր. «Կարմիր խաչից հանդիպել էին Հակոբի հետ, մեզ ասացին՝ իբր նա ուզում է երրորդ երկիր գնա, բայց բոլորս էլ գիտենք, որ հնարավորություն ունենար՝ հայրենիք կվերադառնար»։

Հավելենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Մինչ օրս ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, որ նա իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան և նախընտրում է տեղափոխվել երրորդ երկիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *