ԱՄՆ ու Նոր Զելանդիայի պաշտպանության նախարարները ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր են կնքել ավելի քան երկու տասնամյակ ռազմական համագործակցության ընդհատումից հետո։ Սակայն Նոր Զելանդիան դեռևս արգելում է ԱՄՆ ռազմանավերին կայանել իր նավահանգստում։
Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների սերտ համագործակցություն տեղեկատվության փոխանակման, ծովային անվտանգության ու աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Սա որոշակի ջերմացում է հաղորդել երկու երկրների հարաբերություններին։
Նշենք, որ Նոր Զելանդիայի ու ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության սառեցում էր եղել 1985-ին, երբ Նոր Զելանդիան թույլ չէր տվել ամերիկյան ռազմանավին կայանել նորզելանդական նավահանգստում։ Պատճառն այն էր, որ Նոր Զելանդիան բնապահպանության նկատառումներով իրեն հռչակել էր միջուկային սպառազինությունից ու ատոմային էներգիայի ցանկացած տեսակի օգտագործումից խուսափող երկիր, իսկ ամերիկյան ռազմանավերը չեն բացահայտում՝ ունեն արդյոք միջուկային սպառազինություն, թե ոչ։
Չնայած սրան՝ նորզելանդական զինված ուժերն ակտիվորեն օգնություն է ցույց տվել ԱՄՆ-ին մի շարք հակամարտություններում, ինչպես օրինակ Իրաքում ու Աֆղանստանում՝ խաղաղապահ ուժեր տրամադրելով։ Բացի այդ, 2012-ի գարնանն ԱՄՆ ու նորզելանդական զինված ուժերը համատեղ զորավարժություններ են իրականացրել Հյուսիսային կղզում։
Այնուհանդերձ, չնայած այդ ամենին, Նոր Զելանդիան մինչև հիմա թույլ չի տալիս ամերիկյան որևէ ռազմանավի կայանել իր նավահանգստում՝ միջուկային անվտանգության նկատառումներով։