Վիետնամի ռազմածովային ուժերը փորձարկում են ռուսական արտոնագրով արտադրած առաջին երկու 12418 «Մոլնիա» կատերները։ Ներկա պահին վիետնամական արտադրության այդ տիպի ևս երկու կատերների վրա սարքավորում է տեղադրվում։ Հինգերորդ ու վեցերորդ կատերները իրանի կառուցման փուլում են։
Առաջին երկու կատերների փորձարկումները ցույց կտան, թե Վիետնամը կշարունակի արդյոք հետագա արտադրությունը, թե ոչ։
Վիետնամը ռուսական «Մոլնիա» կատերների արտադրության արտոնագիրը ձեռք է բերել դեռևս 2005 թվականին։ Մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն վիետնամական կողմը 12 միավոր կատերների արտադրության իրավունք է ստացել, ընդ որում դրանցից 4-ի արտադրությունը դեռ հաստատված չէ։
Պայմանավորվածության համաձայն՝ Վիետնամն առաջին երկու կատերները ստացել է 2007-2008-ին։ Դրանք տրամադրել է Ռուսաստանում «Մոլնիա» կատերներն արտադրող «Վիմպել» ընկերությունը։ Իսկ Վիետնամում կատերների կառուցման համար փաստաթղթերը փոխանցել է Սանկտ Պետերբուրգի «Ալմազ» կենտրոնական նախագծման բյուրոն։
Վիետնամում կատերների կառուցումը իրականացվում է ռուս մասնագետների տեխնիկական օգնությամբ։ 2011 թվականին Վիետնամի ու նավանորոգման «Զվյոզդոչկա» ընկերության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ռուսական ընկերությունը պարտավորվել է վիետնամական կողմին տրամադրել կատերների պահեստամասեր։
«Մոլնիա» կատերները նախատեսված են հակառակորդի մարտական նավերի, տրանսպորտի ու բաց ծովում գտնվող դեսանտի ոչնչացման համար։ Ջրատարողությունը 510 տոննա է, երկարությունը 56,1 մետր է, լայնությունը՝ 10,2 մետր, նավի թաղվածքը՝ 3,8 մետր։ Կատերի գազատուրբինային շարժիչների ընդհանուր հզորությունը 32.000 ձիաուժ է։ Կատերը կարողանում է զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն, թեև խնայող ռեժիմով արագությունը 22 կմ/ժ է։ Խնայող ռեժիմով երթի պաշարը շուրջ 3150 կմ է։ Պաշարը ծովում մնալու համար բավականացնում է մինչև 10 օր։
Կատերը սպառազինված է հականավային «Ուրան» հրթիռներով, «Իգլա» զենիթահրթիռային արձակման կայաններով, 76 մմ տրամաչափով ԱԿ-176Մ ունիվերսալ թնդանոթով ու 30 մմ ԱԿ-630Մ զենիթային հրանոթներով։ Անձնակազմը 42 հոգի է։ 1241 սերիայի կատերները ներկայումս ընդգրկված են աշխարհի շուրջ 10 երկրների սպառազինության մեջ։