Քենիայի ահաբեկչության կասկածյալ զինյալներին ոչնչացրել են ԱԹՍ-ի օդային հարվածով

«Ալ Շաբաբ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման 2 զինյալ ոչնչացվել է Սոմալիում թերևս անօդաչու թռչող սարքի օդային հարվածի հետևանքով։ Զինյալները կասկածվում էին Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնի ահաբեկչության մասնակցության համար։

«Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամներ

«Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամներ

Ըստ «Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդած տվյալների, ահաբեկիչները չեզոքացվել են Բարավա նահանգի Ջիլիբա քաղաքից դուրս գալու ճանապարհին։ Այս քաղաքը համարվում է զինյալների կենտրոնակայաններից մեկը։

Համաձայն BBC գործակալության տեղեկությունների՝ ականատեսները պատմել են, թե ինչպես է ենթադրաբար ԱԹՍ-ն հարվածել զինյալների ավտոմեքենային։ Զինյալների մի մասին հաջողվել է դուրս գալ բոցավառված ավտոմեքենայից, ապա նաև դուրս բերել իրենց ընկերների այրված մարմինների մնացորդները։
Իր հերթին, AP գործակալությունը վկայում է՝ սպանվածների շարքում այս խմբավորման համար պայթուցիկներ պատրաստող մասնագետն է՝ Անթա մականունով։

Բացի այդ, ոչ պաշտոնական աղբյուրների խոսքերով՝ ԱՄՆ-ն արդեն գործողություն ծավալել է Բարավայում՝ «Ալ Շաբաբ»-ի առաջնորդներից մեկին՝ Ադբիքադիր Մուհամեդ Աբդիքադիրին չեզոքացնելու նպատակով, սակայն արդյունքները չեն արդարացրել ԱՄՆ-ի ակնկալիքները։

Հիշեցնենք, որ Քենիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան սկսել էին Նայրոբիում զինյալների կողմից գրավված առևտրի կենտրոնի գրոհը։

Քենիայի իրավապահ մարմիններին օգնության էին եկել նաև Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք, ըստ նախնական տեղեկության, անմիջական մասնակցություն չեն ունեցել պատանդների ազատմանը, աջակցել են՝ որպես խորհրդատու։ Իսրայելի միջամտությունը կապված էր թերևս այն հանգամանքի հետ, որ առևտրի կենտրոնը պատկանում է իսրայելցի գործարարներին։

Հարձակումը երկրին վնաս էր ոչ միայն մեծ թվով զոհերի, այլև դրանց շարքում այլ երկրների քաղաքացիների առկայության պատճառով, քանի որ Քենիայի տնտեսությունը կախված է զբոսաշրջությունից, իսկ այս ահաբեկչական գործողություններից հետո առաջիկայում դժվար թե զբոսաշրջությունը եկամտաբեր լինի։

67 հոգու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ Շաբաբ»-ը։ Ավելին, խմբավորման ներկայացուցիչ Ալի Մուհամեդ Ռահեն սպառնացել է՝ եթե «Քենիայի կառավարությունը չհեռանա իրենց տարածքից, ահաբեկչական գործողությունները շարունակվելու են»։

Հավելենք, որ սեպտեմբերի կեսերին Աֆրիկյան միության գագաթաժողովը որոշում էր կայացրել ծայրահեղական իսլամիստների, ահաբեկչական գործողություններ իրականացնող «Ալ Շաբաբ» խմբավորման դեմ Սոմալիի տարածքում պայքար մղելու նպատակով իր ուժերն այդտեղ ավելացնել մեկ երրորդով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *