Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությանը

Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցում են Լատվիայում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի հովանու տակ ընթացող միջազգային զորավարժությանը։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը, Steadfast Jazz (Սթիդֆասթ Ջազ) զորավարժությունը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին և շարունակվելու է մինչ նոյեմբերի 9-ը։ Թե քանի հոգի է Թուրքիայից մասնակցում զորավարժությանը, պաշտոնական աղբյուրը չի նշում։

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սա թվով 18-րդ զորավարժությունն է Steadfast Jazz շարքից, որն արդեն անցկացվել է 14 պետության տարածքում։

Լատվիայում և Լեհաստանում ընթացող վարժանքներին մասնակցում է մի քանի հազար զինծառայող, որոնք ներկայացնում են հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների զինված ուժերը։

Հերթական զորավարժությունը նպատակ ունի զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստորաբաժանումների միջև։

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *