Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարի առաջին պաշտոնական հանդիպումը

Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի գծով ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորտին։ Առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ շոշափվել է նաև Արցախյան հիմնախնդիրը։

Լուսանկար՝ ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորտի հետ հանդիպումից

Լուսանկար՝ ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորտի հետ հանդիպումից

Նշենք, որ հետևելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքին՝ սա նորանշանակ նախարարի՝ մամուլի կողմից լուսաբանվող առաջին պաշտոնական հանդիպումն է։

Համաձայն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևի հաղորդած տվյալների՝ Լեֆորտը շնորհավորել է Հասանովին պաշտոնավարման մեկնարկի առիթով՝ հույս հայտնելով բեղուն համագործակցության վերաբերյալ։

Հասանովն ընդգծել է, որ «Իլհամ Ալիևի նախանշած ուղին անփոփոխ է մնում, ուժեղ պետության և ուժեղ բանակի ստեղծումն առաջնային է»։

Հոկտեմբերի 28-ին կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Արցախյան հակամարտությունը։ «Ադրբեջանը կողմնակից է իր տարածքների խաղաղ ճանապարհով ազատագրմանը, սակայն իրեն իրավունք է վերապահում նաև այլ ճանապարհներով ազատագրել դրանք»,-նշել է պաշտպանության նախարարը։

Նկատենք, որ պատերազմ վերսկսելու ուղիղ կոչեր ու հայկական կողմին ուղղված սպառնալիքներ չկան, նոր նախարարը, ի տարբերություն Աբիևի, առավել նուրբ ձևակերպումների է նախապատվություն տվել՝ չնայած որ նույն գաղափարի համատեքստում։ Միգուցե պատճառն այն է, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն է, չի բացառվում նաև, որ համանման մոտեցումը շարունակվի ապագայում։ Դեռևս բարդ է հիմնավոր կանխատեսումներ անել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *