Ղրղզստանում տեղակայված ռուսական «Կանտ» ավիաբազայի ինքնաթիռների թիվը մինչև 2013 թվականի դեկտեմբեր հնարավոր է կրկնապատկվի։ Սպասվում է նաև անձնակազմի թվակազմի համալրում։ Այս մասին ավիաբազայի կազմավորման տասնամյակի հանդիսավոր միջացառմանը հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի ՀՕՊ և Ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարության ղեկավար Վիկտոր Սևոստյանովը։
«Կանտ» ավիաբազան ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի ՀՕՊ և ՌՕՈւ կազմում է և համարվում է ՀԱՊԿ արագ արձագանքման համատեղ ուժերի բաղադրամաս։ Իրականացնում է ՀԱՊԿ անդամ պետությունների ցամաքային և օդային տարածքի անվտանգության ապահովման առաջադրանքներ։
Ղրղզստանում ռուսական ավիաբազայի տեղակայման բացման արարողությունը 2003 թվականի հոկտեմբերի 23-ի էր։
Նշենք, որ 2009 թվականին Ռուսաստանը, համաձայն միջպետական համաաձայնագրի, Ղրղզստանից 49 տարով վարձակալել է «Կանտ» ավիաբազան։ Բացի այդ, ըստ համաձայնագրի՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել 25 տարով։ Ըստ այդմ՝ ամեն տարի Մոսկվան Բիշքեքին վճարում է ավելի քան 4,5 մլն ԱՄՆ դոլար։
Ղրղզստանի Չուի շրջանում գտնվող ՌԴ զինված ուժերի «Կանտ» ավիաբազայում տեղակայված են Մի-8 ուղղաթիռներ և Սու-25 գրոհիչներ։ Այն երկրորդ դասի օդանավակայան է և կարող է ընդունել Իլ-79, Ան-22, Յակ-42 և Ան-12 ինքնաթիռներ։
Տեղեկացնենք, որ այժմ Ղրղզստանի տարածքում Ռուսաստանն ունի 4 ռազմաբազա, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ հետաքրքրությունների շրջանակում «Կանտ» ավիաբազան։
Այդ ռազմաբազաների վարձակալման ժամկետը լրանում է 2014 թվականին։ Ըստ Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թաալայբեկ Օմուրալիևի՝ 2014 թվականին Ղրղզստանը Ռուսաստանին խնդրելու է բարձրացնել ռազմաբազաների (բացի «Կանտից») վարձակալման գինը։
Հավելենք նաև, որ 2011 թվականին Ղրղզստանը հայտարարեց, որ Ռուսաստանն արդեն 4 տարի չի վճարել տեղակայված ռազմաբազաների վարձը։ Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն վճարեց 15,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պարտքը։