Թուրքիան կրկին օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռը թռիչքներ է կատարել։
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, հոկտեմբերի 26-ին տեղի ժամանակով 08։13-ից (երևանյան ժամանակով՝ 09։13-ին) Սիրիայի ԶՈւ Մի-17 ուղղաթիռը թուրք-սիրիական սահմանից շուրջ 5 կմ հեռավորության (Մարդինի հատված) վրա թռիչքներ է իրականացրել։
Թուրքական կողմն Ինջիրլիք ռազմաբազայից օդ է բարձրացրել 2 միավոր F-16 կործանիչ, որոնք 2 ժամից ավել սահմանի այդ հատվածում թռիչքներ են իրականացրել։
Վերոնշյալ 2 կործանիչների վայրէջքից հետո օդ են բարձացվել ևս 2 F-16, որոնք շարունակել են թռիչքները Սիրիայի հետ սահմանի մոտակայքում։ Միջադեպեր չեն գրանցվել։
Թուրքիան վերջին շրջանում հաճախ է օդ բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են կատարում։ Նման մի դեպքի ժամանակ էլ թուրքական կողմը կրակ էր բացել սիրիական ուղղաթիռի վրա՝ վայր գցելով այն։
Մասնավորապես, սեպտեմբերի 16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարվածել էին Սիրիայի զինված ուժերի Մի-17 բեռնատար ուղղաթիռին, որը պատահաբար հատել էր Թուրքիայի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանին մոտ շրջաններում հետախուզություն իրականացնելիս։ Սիրիան հաստատել է, որ ուղղաթիռը պատահաբար է հատել Թուրքիայի տարածք, այն վերադառնում էր, երբ թուրքերը կրակ էին բացել, իսկ դրանում որևէ վտանգավոր զենք չի եղել։
Հավելենք, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։