Ադրբեջանի ՊՆ-ում իրականացվող կադրային կտրուկ փոփոխությունների ֆոնին գլուխ են բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի պաշտոնանկության կոչերը: Դրանք պայմանավորված են մի շարք գործոններով։
Հոկտեմբերի 26-ին ադրբեջանական haqqin.az կայքում հրապարակված «ՊՆ Աքիլեսյան գարշապար» հոդվածում հեղինակն առաջարկում է պաշտոնից հեռացնել Էլդար Սաբիրօղլուին: Հոդվածագիրը նշում է իր դժգոհությունները, որոնք իրականում պաշտոնանկության իրական պատճառներ չեն կարող հանդիսանալ, մի մասն էլ վերաբերում է ոչ թե անմիջականորեն մամուլի ծառայությանը, այլ հենց պաշտպանության նախարարության գործունեությանը:
Այսպես, հեղինակը բողոքում է, որ Սաբիրօղլուն հաճախ անհասանելի է, իսկ երբ վերջապես հաջողվում է կապվել նրա հետ, ապա վերջինս լրագրողներին հարցերին տալիս է «շաբլոնային պատասխաններ»: Համաձայն հրապարակման՝ գլխավոր դժգոհությունը վերաբերում է «արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ «սահմանին փոխհրաձգության ժամանակ ոչ օպերատիվ ու անարդյունավետ աշխատանքին, լրատվամիջոցների համար անմատչելի լինելուն»:
«Դա հանգեցնում է նրան, որ մենք պարտություն ենք կրում տեղեկատվական պատերազմում, միջազգային հանրությունը հայերի լրատվամիջոցներից է ստանում սխալ տեղեկություններ սահմանային միջադեպերից»,-շեշտվում է հոդվածում:
«Այս խնդիրները շտկելու համար անհրաժեշտ է փոխել Սաբիրօղլուին, բերել մեկ այլ երիտասարդ, լրատվամիջոցների հետ շփվել իմացող, ադրբեջաներենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով հավասարապես լավ հաղորդակցվող խոսնակի: Պետք է ավելի հաճախ կազմակերպել լրագրողների այցելություններ դեպի սահմանային զորամասեր: Հուսով ենք՝ նոր նախարար Հասանովը հաշվի կառնի այս նկատառումները»,-եզրափակում է հեղինակը:
Նկատենք, որ միայն haqqin.az-ը չի խոսում այս թեմայի շուրջ: Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ Ուզեիր Ջաֆարովը, իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է՝ Էլդար Սաբիրօղլուն ինքն է դիմել հրաժարականի դիմումով, սակայն նրան ուղարկել են եռամսյա արձակուրդի, նա կվերադառնա 2014-ին, ապա կհեռացվի պաշտոնից։ Այս տեղեկության իսկությունը ստուգելը դեռևս հնարավոր չէ։
Բավարար հիմքեր չունենք հակադրվելու այն մտքին, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը վատ է աշխատում և բարեփոխումների կարիք ունի: Սակայն հարց է ծագում՝ ինչու է Սաբիրօղլուի հրաժարականի մասին պահանջը բարձրաձայնվում հենց այս ժամանակահատվածում:
Կարծում ենք՝ դրա իրական պատճառները կապված չեն ՊՆ մամուլի ծառայության բուն աշխատանքի հետ: Իսկ այն հանգամանքը, որ Սաբիրօղլուն «շաբլոնային պատասխան է տալիս», բնական է. Ադրբեջանը պատերազմող երկիր է, ցանկացած անզգույշ տեղեկատվություն կարող է խնդիրներ հարուցել: Այդքան էլ տրամաբանական չի հնչում նաև «ադրբեջաներենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով հավասարապես լավ հաղորդակցվող խոսնակի» պահանջը:
Բացի այդ, հետևելով «ԱՊԱ» և «Թրենդ» առաջատար լրատվական գործակալությունների ռազմական ոլորտի հրապարակումներին, գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է «ՊՆ մամուլի ծառայության հաստատմամբ» կամ էլ նույն Էլդար Սաբիրօղլուի մեկնաբանությամբ: Այսինքն՝ մամուլի ծառայության ղեկավարն այդքան էլ անհասանելի չէ, որքան ներկայացված էր վերոհիշյալ հրապարակման համատեքստում կամ էլ անհասանելի ոչ թե բոլոր լրատվամիջոցների համար, ինչի մասին ակնարկում էր հոդվածագիրը, այլ թերևս կոնկրետ իր կամ haqqin.az-ի համար։
Հետաքրքիր է այն հանգամանքը՝ երբ սեպտեմբերի 17-ին սահմանային զորամասերից մեկում լրագրողների համար ելույթ ունենալիս Սաբիրօղլուն հաստատեց՝ դիպուկահարները մնալու են առաջնագծում և Հայաստանին սպառնալիքներ ուղղեց, ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ haqqin.az-ը, գոհունակությամբ տարածում էին խոսնակի ելույթն ու որևէ դժգոհություն չէին հայտնում։
Փորձենք անդրադառնալ այն հավանական գործոններին, որոնց հետևանքով էլ Սաբիրօղլուի հրաժարականի կոչեր են հնչում.
• Հնարավոր է՝ Էլդար Սաբիրօղլուն նույն haqqin.az-ի լրագրողի զանգին կամ հարցին քանիցս չի պատասխանել, լրագրողն էլ անձնական նկրտումներից բխող հոդված է հրապարակել՝ օգտվելով կադրային փոփոխությունների շրջանի ընձեռած նպաստավոր պայմաններից։
• Օգտվելով ավելի քան բարենպաստ իրավիճակից, երբ կադրային փոփոխություններ են ընթանում, Սաբիրօղլուի դեմ տրամադրված որոշ շրջանակներ, չի բացառվում նաև նորանշանակ նախարարին աջակցող ուժերը, պահանջում են նրա հրաժարականը։
• Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ԱՊԱ և «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովին փոխարինել էր Ադրբեջանի նախագահի՝ ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը, որը դարձել էր միաժամանակ ռազմաօդային ուժերի հրամանատար: Ուստի ՌՕՈւ հրամանատարի պաշտոնից ազատվել էր գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը: Ըստ նույն աղբյուրների՝ պաշտոնանկ եղած գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևին ՊՆ տեսչական վարչության ղեկավարի պաշտոնում փոխարինել էր 1995-ին նախագահի հրամանագրով Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում ստացած գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը:
Սակայն հաջորդ օրն իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է պաշտպանության նոր փոխնախարարի և ՌՕՈւ հրամանատարի նշանակման մասին լուրը, իսկ մյուս կադրային փոփոխություններին չի արձագանքում։ Մինչ օրս ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները գրում են նոր պաշտոնանկությունների մասին, բայց Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը շարունակում է համառորեն լռություն պահպանել, որևէ կերպ չմեկնաբանել նշանակումների վերաբերյալ տեղեկությունները։ Մամուլի ծառայության լռությանն ադրբեջանցիները բացասական են արձագանքում սոցցանցային և ֆորումային գրառումներում։
Չի բացառվում, որ haqqin.az-ի հոդվածագրին ևս չի գոհացրել հենց այս իրավիճակը, և դրանով էլ պայմանավորված է Սաբիրօղլուի դեմ այս թեժ շրջանում հայտնված հրապարակումը։
Ինչ վերաբերում է ՊՆ մամուլի ծառայության որդեգրած դիրքորոշմանը, ապա կադրային կտրուկ փոփոխությունները չհաստատելու պատճառ կարող է հանդիսանալ դրանց վերաբերյալ քննարկումները հասարակության ուշադրության կիզակետում պահելը, կամ էլ այդ փոփոխությունների՝ դեռևս պաշտոնապես հաստատված չլինելը։ Դժվար թե առաջատար լրատվամիջոցները միաձայն գրեն կադրային կարևոր փոփոխությունների մասին, եթե դրանք հեռու լինեն իրականությունից ու լինեն բացառապես խոսակցությունների մակարդակի։