Ռուսական հետախուզական ինքնաթիռը կրկին մոտեցել է Թուրքիայի սահմանին

Թուրքիան կրկին «տագնապ» ազդանշանով օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, երբ երկրի օդային սահմանի մոտակայքում հոկտեմբերի 26-ին թռիչք է իրականացրել Ռուսաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի Իլ-20 հետախուզական ինքնաթիռը:

 

Իլ-20Մ. ՌԴ ՌՕՈւ

Իլ-20Մ. ՌԴՌՕՈւ

Ռուսական ինքնաթիռը Թուրքիայի սևծովյան օդային տարածքին է մոտեցել երկրի հյուսիսարևմտյան հատվածից (թուրք-բուլղարական սահման) և թռիչք կատարել մինչ հյուսիսարևելյան տարածքներ (թուրք-վրացական սահման), որից հետո հեռացել է:

Իլ-20 հետախուզական ինքնաթիռի` Թուրքիայի ողջ երկայնքով թռիչքը տևել է 3 ժամից ավել: Ռուսական ինքնաթիռը մոտեցել է թուրքական օդային սահմանին հոկտեմբերի 26-ին տեղի ժամանակով 12:32-ին (երևանյան ժամանակով` 13:32-ին), փոխանցում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայքը:

Այս ընթացքում Իլ-20-ին օդում ուղեկցել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչներ:  Թռիչքն ավարտվել է առանց միջադեպերի, ինչից հետո թուրքական ինքնաթիռները վայրէջք են կատարել:

Նշենք, որ սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ թուրքական կողմը պաշտոնապես տեղեկացնում  է ռուսական Իլ-20-ի` Թուրքիայի օդային սահմանի մոտակայքում թռիչքի մասին: Նման թռիչք էր եղել նաև հոկտեմբերի 22-ին, որի ժամանակ նույնպես թուրքերը կործանիչներ էին օդ բարձրացրել: Այդ անգամ ևս միջադեպեր չէին գրանցվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *