Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվի նվերը զինծառայողներին (վիդեո)

Չեք պատկերացնի, թե հոգումս ինչ կատարվեց մանավանդ եկեղեցական երգի ժամանակ: Ինչ ճիշտ էին վերցնում նոտաները, զգալ էր պետք: ՊՆ զորամասերից մեկում Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվի ելույթից հետո տպավորություններն էր պատմում երաժշտական կրթություն ունեցող կրտսեր սերժանտ Կարեն Հ.-ն:

Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվ

Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվ

Հոկտեմբերի 25-ին Ռազմինֆոն Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվի հրավերով ներկա գտնվեց ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կազմակերպված համերգային ծրագրին:

Զորամաս տանող ավտոբուսում բոլորը կազմ-պատրաստ սպասում են: Երաժիշտներից մի քանիսը քթի տակ երգերն է վերհիշում, մի մասի մոտ հումորն է անպակաս, իսկ ավտոբուսի ձողերից շորորվում են բեմական կապույտ հագուստները: Զինվորների մոտ՝ պատշաճ տեսքով, տղամարդիկ էլ չեն մոռանում փողկապների մասին:

Զորամասի մոտ հյուրերին դիմավորեցին «տան տերերը»` զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալը, սպաներ: Շուրջը հանգիստ է, զինվորներ դեռևս չեն նկատվում: Պարզվեց, որ նրանք այդ պահին ուսումնական վարժություններ են անում:

Կապիտաններից մեկն, ով այդ դասը պետք է անցկացներ, տեսնելով հյուրերին, ասաց. «Շատ լավ եք արել, որ եկել եք: Չնայած մեզ մոտ հիմա կարևոր դաս էր, բայց զինվորին սա էլ է պետք: Հիմա տղաները կգան»:

Չանցած մի քանի րոպե, երբ երգչախումբը վերջին շտկումներն էր անում բեմում, զինվորական հատուկ կեցվածքով ներս եկան զինծառայողները: Եվս մի քանի րոպե, և միջոցառումը սկսվեց:

Հայաստանի կույրերի միավորման կոլեկտիվը երկու խմբից է բաղկացած` պրոֆեսիոնալ երգչախմբից և ժողովրդական գործիքների նվագախմբից: Կատարողներից ոչ բոլորն ունեն տեսողական խնդիր: Մեկը մյուսին աջակցելով բեմ են բարձրանում, իրար սատարում։ Երգում են բոլորը հավասարը հավասարի պես:

Համերգը բացեց պրոֆեսիոնալ երգչախումբը «էրեբունի-Երևան» Երևանի օրհներգի կատարմամբ:

Երբ խմբավար Նարինե Դավթյանն ամեն անգամ վերջին չափն էր տալիս ու ձեռքն իջեցնում, զինվորները շունչները պահած սպասում էին, որ ծափահարություններով գնահատեն իրենց այսպիսի օր նվիրելու հնարավորությունը: Ու ամեն անգամ բոլոր երգերի հետ զինվոր-տղամարդկանց ծափերից դահլիճն ավելի էր մեծանում, թնդում, իսկ դեմքներին խոր գոհունակություն կար, հարգանք, գնահատում: Իրենց համար, իրենց բեմում երգում են աշխարհի շատ բեմերում երգած, տարիների վաստակ ունեցող մասնագետներ:

Համերգի առաջին մասից հետո հերթը ժողովրդական գործիքներինն էր: Ու այդ ժամանակ ծայր առավ «Զարթնիր, լաո» երգը: Հնարավոր չէ նկարագրել, թե հենց առաջին հնչյուններից զինծառայողների մոտ ինչ կատարվեց: Ակամայից թե լավ էլ գիտակցումով ձեռքերը վեր բարձրացան, բռունց դարձան, առաջին բառից մինչև վերջ երգեցին մենակատարի հետ: Իսկ ահա սիրո գեղեցիկ երգերի ժամանակ դեմքներին ժպիտ, աչքերում փայլ: Նրանցից յուրքանչյուրի մոտ երգը ինչ-որ բան էր արթնացնում: Ու տղամարդկային առնական կեցվածքում ինչ-որ բան է փոխվում` միգուցե կարոտ, միգուցե սպասում…

Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվ

Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվ

Եվ վերջ, համերգ ավարտվեց, հոտնկայս ու երկար ծափահարություններ:

Իրար հերթ չտալով՝ Ռազիմինֆոյին  տղաները պատմում էին զգացողությունների մասին: Մի բան հստակ էր` նպատակն արդարացված էր: Կոլեկտիվը կարողացել էր տղաներին հասցնել հայկական երգն ու երաժշտությունը: Մեկին առաջին երգն էր դուր եկել, մյուսին` վերջինը, բայց այն, որ նմանատիպ միջոցառում էլի կուզենան վայելել, կասկած չկար:

Արդեն վերադարձի ճանապարհին տպավորություններով մեզ հետ կիսվում է նաև երգչախմբի հիմնադիր մենակատարներից Գոհար Պողոսյանը:

«Երբ գալիս ենք մեր զինվորների հետ հանդիպման, մի առանձնահատուկ ոգևորությամբ ենք գալիս: Լինում են համերգներ, որոնք որպես պարտականություն ենք գնում: Մեր տարիքն այն տարիքն է, որ ինքներս մայր ենք, մենք էլ զինվորներ ունենք: Այսօրվա հանդիպումը ջերմ էր, հաճելի: Նայում էինք բեմից, տեսնում էինք, որ հաճույքով լսում էին»,-նշեց Գոհար Պողոսյանը:

Տիկին Գոհարը հավաստիացնում է, որ ամեն անգամ հույս են տանում իրենց հետ զորամասերից, որ զինվորները կկարողանան ավելի հզորացնել մեր հայրենիքն ու պաշտպանել այն։

Պրոֆեսիոնալ երգչախմբի խմբավար Նարինե Դավթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ նպատակը զինվորներիներաժշտությանը հաղորդակից դարձնելն էր,և նրանց օրը մի փոքր ավելի հետաքրքրացնելը:

«Զգացի, որ արժեր գալ, իզուր չէր: Նմանատիպ այցեր էլի ունեցել ենք, բայց ընդունելությունը նույնն էր»,- պատմում է Նարինե Դավթյանը:

Խմբավարը նշեց նաև, որ նախնական պայմանավորվածություն կա զորամասերում զինծառայողների համար ամսական մեկ համերգ ունենալ:

Վերջ, օրվա մասնակիցներից յուրաքանչյուրն իր հետ մի բան տարավ` մի շատ մեծ բան զինվորներին նվիրելով:

Նշենք նաև, որ Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը և ժողովրդական գործիքների նվագախումբը ստեղծվել են 1976 թվականին: Կոլեկտիվը կազմված է չտեսնող և մասամբ տեսնող երաժիշտներից: Հիմնադիր տնօրենն է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *