Բանակը՝ անգամ արտակարգ դրության ժամանակ, պետք է լինի սահմանին: Ադրբեջանը շարունակում է զենք գնել. օրվա ամփոփում

Մամուլը շարունակում է անդրադառնալ տարածաշրջանում պատերազմի բռնկման դեպքում մեր հարևանների պահվածքին և այլ պատերազմների շղթայական  բռնկումներին: Իսկ ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշել է, որ, անկախ երկրում տիրող ներքին իրավիճակից, բանակը չպետք է միջամտի դրան, քանի որ նման դեպքերում իրավիճակը սահմանին պայթյունավտանգ է դառնում: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել Ադրբեջանի զինման մոլուցքը:

  • «ԱՄՆ-ն անպայման կօգտագործի Ադրբեջանի տարածքը՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիա իրականացնելու նպատակով»,- համոզված է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, ով նաև հավելել է, որ Արևմուտքի՝ իրավիճակը սթափ գնահատող ուժերը, անպայման հաշվի կառնեն այն իրողությունը, որ Իրանը Իրաք չէ, այլ հոգևոր և ռազմական առումով շատ ավելի հզոր պետություն է:
  • «Իրանի շուրջ իրավիճակի անկայունացումը Հայաստանի ազգային անվտանգության համար լրջագույն սպառնալիք է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ իրավիճակն Իրանում կայուն մնա»,- նշել է Վահան Շիրխանյանը: Նա նաև անդրադարձել է երկրում արտակարգ դրության ժամանակ բանակի ներգրավվածությանը և համոզմունք հայտնել, որ նման դեպքում բանակը ավելի զգոն պետք է լինի իր սահմանների նկատմամբ:
  • Հունվարին՝ էսենցիա խմելու միջոցով ինքնասպան եղած ենթասպայի հարազատները համոզված են, որ ենթասպան վաշտն ընդունել էր պակասորդով և նման բան արել էր վաշտի հրամանատարի ու ևս մեկ հոգու պնդմամբ, ովքեր հետագայում պահանջել են մարել պարտքերը:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  1. Իրանը սկսել է «Ջամարան 2» էսմինեցների արտադրությունը: 1420 տոննա կշռող էսմինեցը հագեցած է ժամանակից ռադարներով և պատերազմի վարելու էլեկտրոնային միջոցներով: Էսմինեցի առավելագույն արագությունը մինչև 30 հանգույց է: Այն ունի զենիթային սարքեր, հագեցած է նաև տորբեդներով և ռազմածովային թնդանոթներով: Բացի այդ, Իրանի ՌԾՈՒ-ը համալրվել են տեղական արտադրության 2 թեթև սուզանավերով: Իրանի սուզանավերի քանակը հասավ 12-ի, որոնցից 3-ը գնվել են Ռուսաստանից:
  2. Պաշտոնական Դամասկոսը դիմել է Իրանին` 15 հազար հատուկ ջոկատայիններ տրամադրելու խնդրանքով: Այսօր իրանցի զինծառայողները փոխադրվել են Սիրիա` ներքին կարգուկանոնի հաստատմանն աջակցելու նպատակով:
  3. Սիրիայում աճող անկանոնությանը զուգահեռ Լիբանանը այսօրվանից սկսել է ավելացնել զորաքանակը՝ Վադի Հալեդ հյուսիսային նահանգում, որն ընկած է Սիրիայի սահմանին՝ Հոմս քաղաքից ոչ հեռու:
  4. The Times-ն էլ գրում է, որ եթե Իրանն ատոմային զենք ստանա, ապա Սաուդյան Արաբիան կարող է միջուկային մարտագլխիկներ ձեռք բերել:
  5. Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 2011թ. Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է Ми-8 և Ми-17 տիպի նվազագույնը 15 ուղղաթիռ, ինչպես նաև Ми-35 տիպի 4 մարտական ուղղաթիռ: Իսկ այս տարի կգնի Ми-17 տիպի 20 և Ми-35М տիպի՝ 12 ուղղաթիռ: Միաժամանակ, ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանը Ռուսաստանից Т90С տեսակի տանկեր է գնելու, որոնք համարվում են Т-72 տեսակի տանկերի արդիականացված տարբերակը:
  6. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ Անկարան ինքն է ցանկացել ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանն իր տարածքում տեղակայել:
  7. Իսրայելը հաջողությամբ փորձարկել է «Հեց» հակահրթիռային համակարգը:
  8. Այսօր ԱՄՆ ԶՈՒ-ը հայտարարել են բանակի ստորաբաժանումներում կանանց ծառայության պայմանների փոփոխման մասին. նոր կանոնները հնարավորություն կտան զինվորական կանանց հնարավորինս մոտենալ ճակատին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *