Ղազախստանի պաշտպանության նախարարությունը եվրոպական Airbus կոնցերնի հետ պայմանագիր է կնքել ևս 2 միավոր Ս-295 բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու մասին։ Պայմանագրի արժեքը չի հստակեցվում։ Այն ներառում է նաև պահեստամասերի և տեխնիկական սպասարկման տրամադրում։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Airbus-ի տվյալներով՝ նոր ինքնաթիռները պատվիրատուին կհասնեն 2014-2015 թվականներին։ Առաջին երկու Ս-295 բեռնատար ինքնաթիռները Ղազախստանը ստացել էր 2013 թվականի հունվարին՝ պայմանագրի ժամկետից 2 ամիս շուտ։
Պայմանագիրը 2012 թվականին Ղազախստանի պաշտպանության նախարարության և եվրոպական կոնցերնի փոխըմբռնման հուշագրի մի մասն է, որն էլ ընդգրկում է մինչև 8 Ս-295 ինքնաթիռի գնում։
Ինչպես նշում է «Ջեյնս» ռազմական հանդեսը, նախկինում Ղազախստանը, բացի Ռուսաստանից և Ուկրաինայից, ոչ մի այլ երկրից ավիատեխնիկա չի գնել։ Այժմ Airbus կոնցերնը և Kazakhstan Engineering ընկերությունը Ղազախստանի տարածքում Ս-295 բեռնատար ինքնաթիռների սպասարկման համաձայնագիր ունեն։ Ղազախստանը եվրոպական բեռնատար ինքնաթիռներն օգտագործում է զորքերի և բեռների տեղափոխման համար։
Նշենք, որ Ս-295-ը Ղազախստանի ռազմաօդային ուժերում դեռևս չի ընդունվել սպառազինության, չնայած պլանավորվել է ինքնաթիռները տեղակայել Ալմա-Աթայի շրջանի Բորալդայ ավիաբազայում։ Ներկայումս Ղազախստանի ՌՕՈւ-ն օգտագործում է ԱՆ-2, Ան-12ԲՊ, ԱՆ-24, Ան-26 և ԱՆ-72 բեռնատար ինքնաթիռներ։
Ս-295-ը միջին չափի տուրբոպտուտակավոր ռազմական բեռնատար ինքնաթիռ է։ Արտադրում է Airbus Military ընկերությունը։ Ինքնաթիռն արտադրվում է 2000 թվականից։ Մեկ միավորի մոտավոր արժեքը 40 մլն ԱՄՆ դոլար է։