Շամխորի կորպուսի հրամանատարը ծառայում է ոչ թե հայրենիքին, այլ նախագահին

Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, մեկնաբանելով Սաֆար Աբիևի պաշտոնանկության փաստը, իր խոսքում շեշտել է «Իլհամ Ալիևին ծառայելու պատրաստակամությունը»։ Նրա խոսքերում նկատելի են «անձի պաշտամունքի» տարրեր։

Ռովշան Աքպերով

Ռովշան Աքպերով

Ուշագրավ է այն հանգամանքը, որ լրագրողի ուղղած գրեթե բոլոր հարցերին պատասխանել է, որ կիսում է Իլհամ Ալիևի տեսակետը ցանկացած հարցերում՝ «Իլհամ Ալիևը, հանդիսանալով գերագույն գլխավոր հրամանատար, ինչպես միշտ ճիշտ է արել», «նոր նախարարի նշանակմամբ նոր հեռանկարներ են բացվել գերագույն գլխավոր հրամանատարին ըստ արժանվույն ծառայելու համար»։

Հետևելով Շամխորի կորպուսի հրամանատարի խոսքերին՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս չի թաքցնում իր համակրանքը երկրի նախագահի նկատմամբ՝ համաձայնելով վերջինիս ցանկացած որոշման հետ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ «գերագույն գլխավոր հրամանատարին ծառայելը» գեներալը բարձր է դասում ցանկացած բանից՝ ԶՈւ գեներալների առաքելությունը համարելով ոչ թե հայրենիքին կամ պետությանը, այլև նախագահին ծառայելը։

«Նորանշանակ նախարարը պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինի անվերապահորեն կատարելու գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը…բոլոր գեներալները գոհ են որոշումից, այլ կերպ լինել չէր կարող, քանի որ դա գերագույն գլխավոր հրամանատարի որոշումն էր»,-եզրափակել է իր խոսքը գեներալը։

Նկատենք, որ մի կողմից Շամխորի կորպուսի հրամանատարի լավ հարաբերություններն Ալիևի հետ երկար պատմություն ունեն։ Նախ Ռովշան Աքպերովն մեկ անգամ չէ, որ ծառայություններ էր մատուցել նախագահ Հեյդար Ալիևին, մասնավորապես, վերացնելով Արցախյան պատերազմի ադրբեջանցի այն վետերաններին, ովքեր խաչընդոտ էին հանդիսանում Հեյդար Ալիևի իշխանության ամրապնդման համար։ Թերևս, ի հատուցումն այս ծառայությունների է, որ Աքպերովը 1998 թ-ին նշանակվեց Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին։

Ավելին, հունիսի 28-ին ադրբեջանական կայքերը լուրեր էին տարածել՝ հունիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակի զորահանդեսին չէին հրավիրել Ադրբեջանի Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Աքպերովին։

Ադրբեջանական «Մոնիթոր» ամսագրում, որի գլխավոր խմբագիրը սպանվել է իշխանության դեմ գրված հոդվածների համար, տեղ է գտել մի հրապարակում, որտեղ հեղինակը գեներալ Ռովշան Աքպերովին բնութագրում է՝ որպես «Հեյդար Ալիևի ֆավորիտ», որը նպաստեց «Իլհամ Ալիևի իշխանության գալուն, և դեռևս 1990-ականներին կարող էր փոխարինել Սաֆար Աբիևին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում»։

Ինչպես հաղորդում են ոչ պաշտոնական աղբյուրները, Աքպերովը, պարզելով, որ իրեն հրավեր չեն ուղարկել, հունիսի 25-ի ուշ երեկոյան օգտագործել է նախագահականում իր ունեցած կապերը, արել ամեն ինչ, որպեսզի Իլհամ Ալիևը կարգադրի հրավեր ուղարկել իրեն՝ արդյունքում ներկա լինելով ռազմական շքերթին։

Ստացվում է` Շամխորի կորպուսի հրամանատարը սերտ կապեր ունի նախագահի հետ, ինչը թերևս մի պատճառ է վերջինիս անվերապահորեն ծառայելու վերաբերյալ խոսքեր ասելու։ Սակայն մյուս կողմից էլ ակնառու է «անձի պաշտամունքի» գաղափարախոսության տարրերը, երբ «գերագույն հրամանատարը ճշմարիտ է ամեն ինչում, և նրա որոշումները քննարկման ենթակա չեն»։ Մինչդեռ, լրագրողի հարցադրման համատեքստում չկար Իլհամ Ալիևին հիշատակելու միտում։

Հիշեցնենք, որ դեռևս Հեյդար Ալիևի պաշտոնավարման ժամանակից «անձի պաշտամունքի» սերմանումն առկա էր Ադրբեջանում տարվող պետական քարոզչության տարրերում, այն ընդգված ձևով առկա է մինչ օրս։

Այնուհանդերձ, քաղաքակիրթ երկրներում, եթե անգամ բարձրաստիճան զինվորականը սերտ կապեր ունի երկրի ղեկավարության հետ, նա միևնույն է կողմնակից է հայրենիքին ծառայելու գաղափարին և երկրին ծառայություն մատուցելու կոչ անելուն, առավել ևս՝ հրապարակավ։ Հատկապես որ նախագահը հավերժ չի պաշտոնավարում, իսկ երկրին ծառայելն ավելի լայն և ոգևորող գաղափար կարող է լինել ենթադրաբար գեներալից օրինակ վերցնող զինծառայողների համար։

Եթե դիտարկենք, բռնապետության տարրերով աչքի ընկնող վարչակազմ ունեցող երկրներում են սովորաբար շեշտում երկրի ղեկավարին ծառայելու անհրաժեշտությունը՝ որպես գերակա առաքելություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *