Երկրորդ աշխարհամարտից մնացած ամերիկյան P-51 Mustang կործանիչը, որով ամերիկյան Տեքսաս նահանգում թռիչք էին կատարում 51-ամյա օդաչուն և 66-ամյա բրիտանացի զբոսաշրջիկը, ընկել է Հոլս լիճը, ինչի հետևանքով վերջիններս զոհվել են։
Ինչպես հաղորդում է ամերիկյան տեղական KHOU հեռուստաալիքը, ուղևորը 2000ԱՄՆ դոլար է վճարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից մնացած «Միայնակ աստղ» թանգարանին պատկանող կործանիչով թռիչք իրականացնելու համար։
Կործանիչն օդ է բարձրացել Գալուեսթոնի միջազգային օդանավակայանից, սակայան մեկնարկից քիչ անց վայր է ընկել, ինչի հետևանքով օդաչուն և ուղևորը զոհվել են։ Ավիավթարից նրանց դիերը դուրս են բերվել լճից։
Պատահարի հետաքննությամբ զբաղվում է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը։ Ինքնաթիռի կործանման վարկածներ դեռևս առաջ չեն քաշվել։
Ինչ վերաբերում է թանգարանին, ապա այնտեղ պահվում են Երկրորդ համաշխարհայինից մնացած մի շարք ինքնաթիռներ։
Նկատենք, որ P-51 Mustang-ը նախատեսված է ի սկզբանե մեկ օդաչուի համար։ Թանգարանային նմուշ դառնալուց հետո նրա վրա ավելացրել են երկրորդ նստատեղը, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան թռիչքներ կատարել։
Հավելենք, որ P-51 Mustang կործանիչը նախագծվել ու արտադրվել է North American ընկերության կողմից Մեծ Բրիտանիայի կառավարության պատվերով, ընդ որում՝ ամենասեղմ ժամկետներում։ Առաջին փորձնական նմուշն օդ է բարձրացել 1940-ի հոկտեմբերին՝ պատվիրելուց ընդամենը 117 օր անց։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ինքնաթիռը լավ ցուցանիշներ է ցույց տվել ցածր բարձրության վրա, իսկ բարձր հատվածներում թռիչքի հետ խնդիրներ է ունեցել։ Դա եղել է հիմնական պատճառը, որ բրիտանացիները որոշ ժամանակ հրաժարվել են ինքնաթիռից։