Համացանցում հայտնված տեսանյութում ռուս ինժեները խնդրում է Սիրիայի զինյալներից ազատել իրեն

YouTube-ում հոկտեմբերի 23-ին հայտնվել է մի տեսագրություն, որտեղ ՌԴ քաղաքացի, ինժեներ Սերգեյ Գորբունովը խնդրում է օգնել իրեն, կոչ է անում ՌԴ-ի և Սիրիայի իշխանություններին ԿԽՄԿ-ի միջոցով իրեն փոխանակել Սաուդյան Արաբիայից ժամանած զինյալներից մեկի հետ։

Վերոհիշյալ զինյալը հայտնի է Հալեդ Սուլեյմանով անունով, նրան բռնել են կառավարական զորքերը Համա քաղաքին մատույցների մարտերում։

Սերգեյ Գորբունովի վկայությամբ՝ իրեն օդանավակայանում են բռնել, եթե 5 օրվա ընթացքում փոխանակում չկայանա, ապա Սիրիայի զինյալները կսպանեն իրեն։ Նրա խոսքերով՝ ընտանիք չունի։

Այնուհանդերձ, ինչպես տեղեկացնում է «Իտար-Տասս» գործակալությունը, դեռևս անհնար է հաստատել տեսանյութի իսկությունը։ Բացի այդ, Սիրիայի և Ռուսաստանի իշխանություններն այս պահի դրությամբ չեն մեկնաբանել ՌԴ քաղաքացուն պատանդ վերցնելու տեղեկությունը։

Նկատենք, որ Սիրիայում լրագրողների և միջազգային կազմակերպությունների անդամների առևանգումը եզակի երևույթ չէ, սակայն հարց է ծագում, թե ռուս ինժեներն ինչ նպատակով էր մեկնել Սիրիա։

Նշենք, որ Սիրիայի զինյալներն առևանգել էին ՌԴ քաղաքացի Կոնստանտին Ժուրավլյովին։ Վերջինս Սիրիայի տարածքով ուղևորվում էր դեպի Սահարա անապատ։ Նախնական տվյալներով՝ ճանապարհորդ և լուսանկարիչ Ժուրավլյովին առևանգել է «Լիվա աթ-Թաուհիդ» իսլամիստական խմբավորումը։ Զինյալները պնդում են, որ լուսանկարիչը զբաղվել է լրտեսությամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Սիրիայում զինյալներն առևանգել էին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) 6 աշխատակիցներ և Սիրիայի Կարմիր մահիկի մեկ աշխատակցի։

Մամուլի և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների առևանգումը Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր հաճախ է գրանցվում։ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն հոկտեմբերի 9-ին տեղական հեռուստաալիքներից մեկով ելույթ ունենալիս ակամայից հրապարակել է հանրությանը մինչ այդ անհայտ տեղեկություն Սիրիայում առևանգված լրագրողների մասին։ Սիրիայում անհայտ կորած է համարվում նաև իսպանական El Periódico թերթի թղթակից Մարկ Մարխինեդասը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *