Մահվան դեպքեր ադրբեջանական և հայկական բանակներում. օրվա ամփոփում

Այսօր ինտերնետային հայկական լրատվամիջոցները հիմնականում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերում գրանցված միջադեպերին։ Մասնավորապես՝ Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությանը, Ադրբեջանի բանակում գրանցված զինծառոյողի մահվան դեպքին, Ադրբեջանի հերթական ռազմատենչ հայտարարություններին։ Իսկ հայկական կողմի՝ արտակարգ պատահարների մասին լուրերի մի մասը հերքվել, մյուսը՝ դժբախտաբար, հաստատվել է. զենքի մաքրումն ավարտվել է մահվան ելքով։

Սկսենք Հայաստանում գրանցված դեպքերից։ Սակայն, մինչ այդ նշենք, որ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հոկտեմբերի 12-ին, ստորագրել է հրամանագիր` 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Այսպիսով, այս անգամ դժբախտ պատահար է գրանցվել ՀՀ զորամասերից մեկում. դեռ չեն մարել երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ԼՂ-ի զորամասերից մեկում գրանցված ինքնասպանության մասին խոսակցությունները, երբ այսօր գրանցվեց մահվան հերթական դեպքը։ Tert.am-ի տեղեկացմամբ՝  Իջևանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանը, ով բանակ էր զորակոչվել 2011թ. առաջին զորակոչի ժամանակ Նոր Նորքի զինկոմիսարիատից՝ զենքը մաքրելիս անզգուշությամբ կրակել է և որովայնի շրջանում ստացած վնասվածքից մահացել է։ Սա վերջին 5 օրում գրանցված 3-րդ մահվան դեպքն է։ Առաջինը գրանցվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ի սահմանում՝ ԼՂ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, երկրորդը՝ հոկտեմբերի 12-ին, կրկին ԼՂ-ում։ Հոկտեմբերի 9-ին, պաշտոնական վարկածի համաձայն, ինքնասպան եղած Յուրիկ Ներսիսյանի մահվան կապակցությամբ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քր.Օր-ի 110-րդ հոդվածի հատկանիշներով` «Ինքնասպանության հասցնելը»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Բարեբախտաբար, հերքվել են այն խոսակցությունները, թե Կոսովոյում հայ խաղաղապահներ են զոհվել, իսկ նման տեղեկություն տարածել էր Ֆրանսիայում հրատարակվող “Nouvelles d`Arménie” պարբերականը։ Նշենք, որ yerkirmedia.am-ի հրապարակման մեջ անճշտություն կա, այն է. «Ֆրանսիայում հրատարակվող “Nouvelles d`Arménie” պարբերականն էր գրել, թե օրերս զոհվել է ՆԱՏՕ-ի չորս զինծառայող, այդ թվում՝ հայ խաղաղարարներ եւ վեց սերբեր» կամ 4 թիվն է սխալ, կամ՝ «այդ թվում»-ի փոխարեն պետք է լիներ՝ «ինչպես նաև»։ Ինչևէ, լուրը հերքվել է։

Ի դեպ, Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի երևանյան հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ նոյեմբերին Երեւանում կազմակերպել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով աշխատաժողով: Իսկ 2012թ. Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ. կրկին նշվել է այսօրվա հանդիպման ընթացքում:

Սրանք կարծես թե ներհայաստանյան այն կարևորագույն լուրերն էին, որոնք տեղ էին գտել այսօր տեղական լրատվական կայքերում։ Սակայն, հայաստանյան մամուլն անդրադարձել է նաև ադրբեջանաթուրքական մամուլի մի քանի հրապարակումների։ Ըստ այդմ, աշխարհի ոչ մի բանակ ապահովագրված չէ պատահարներից։

Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում՝ վերանորոգման աշխատանքներ կատարելիս, ընկել և, ավելի ուշ, մահացելէ զինծառայող Օրհան Սամեդլին։ Մինչ ադրբեջանական բանակում «հանուն վերանորոգման» մահանում են զինվորները՝  Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Բաքվում շարունակում է «թևեր տալ» Ադրբեջանին՝ հայտարարելով, որ Թուրքիան Ադրբեջանին կցուցաբերի անհրաժեշտ ռազմական աջակցություն։ Իսկ Թուրքիայի հայտարարություններն անարձագանք չեն մնում և Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է պատերազմով գրավել Արցախը՝ չնայելով անգամ միջազգային հանրության ջանքերին, որոնք ուղղված են Ադրբեջանին հետ պահելու պատերազմելուց։

Փաստորեն այս հայտարարությամբ, որը փոխանցում է հայկական մամուլը, ադրբեջանցի պաշտոնյան խոստովանում է, որ Ադրբեջանը լավ էլ ագրեսոր է և պատրաստ է ամեն վայրկյան պատերազմել։ Սակայն, մոռացել է խոստովանել, որ Ադրբեջանին զսպողը ոչ թե միջազգային հանրությունն է, այլ՝ նրա դեմ կանգնած Հայոց բանակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *