ԵՊՀ ուսանողները բողոքի նամակ են փոխանցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին

Հոկտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը բուհից 300 ուսանողների հետ բողոքի երթով գնացել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և Բերդ-Իջևան ավտոճանապարհի միջադեպի հետ կապված նամակ փոխանցել գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին։ Ռազմինֆոյի հետ զրուցում ԵՊՀ ՈւԽ փոխնախագահ Վարդան Ղափլանյանը նշեց, որ նպատակը մեկն է՝ միջազգային կազմակերպության ուշադրության կենտրոնում պահել Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդի ակտիվությունը։

Ուսանողները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև
Նկարը՝ ԵՊՀ պաշտոնական կայքից

«ՈւԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը նամակ փոխանցեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին։ Խոստացան, որ նամակը համապատասխան  հասցեատիրոջը կհասնի»,- ներկայացրեց Վարդան Ղափլանյանը։

«Մենց ցույց տվեցինք, որ երիտասարդները անմասն չեն կատարվող իրադարձություններից։ Համալսարանականը միշտ էլ զինվորի կողքին է եղել ու հիմա էլ նրա կողքին է»,- եզրափակեց  Ղափլանյանը։

Ռազմինֆոն կապվեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  Հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու Գոհար Ավագյանի հետ, ով նշեց, որ նամակն անպայման կփոխանցվի ԵԱՀԿ ղեկավարությանը։

«Բայց թե երբ կլինի պատասխան և ինչպես, ոչինչ չենք կարող ասել»,-մեկնաբանեց  Գոհար Ավագյանը։

Տեղեկացրեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրավասությունների մեջ չի մտնում Արցախյան հակամարտության հարցը, այսինքն՝ իրենց կառույցը միջնորդ է։

Նամակը, նախ ՝պետք է հասնի ԵԱՀԿ քարտուղարություն, այնուհետև գործող նախագահին և համանախագահներին։

Նշենք, որ վաղ առավոտյան ԵՊՀ ՈւԽ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արվում միանալ երթին, դատապարտել Ադրբեջանի հանցավոր վարքագիծը, ԵԱՀԿ ներկայացուցիչներին ստիպել քաղաքական գնահատական տալ վերջին դեպքերին և հետամուտ լինել ադրբեջանցիների հետագա անօրինությունների կանխարգելմանը:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ։

Այսօր Ռազմինֆոն կապվել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հայտնեց, թե նրանցից մեկը դուրս է գրվել, մյուս երկուսին տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

«Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Երևան տեղափոխել են զուտ մեր վերահսկողության ներքո պահելու համար»,-հավաստիացրել է ՊՆ խոսնակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *