Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, որը վատ հարաբերություններ ունի նախկին նախարար Սաֆար Աբիևի հետ, մեկնաբանել է վերջինիս պաշտոնաթող լինելու փաստը՝ անդրադառնալով նաև նորանշանակ նախարարին։
Ադրբեջանական լրատվակայքերից մեկին Աքպերովն ասել է, որ «Իլհամ Ալիևը հանդիսանալով գերագույն գլխավոր հրամանատար, ինչպես միշտ ճիշտ որոշում է ընդունել։ Նոր նախարարը պրոֆեսիոնալ է ու ազնիվ»։ Աքպերովը չի թաքցրել, որ վաղուց է ճանաչում Հասանովին, նրանք միասին սովորել են Ջամշուդ Նախիջևանցու անվան լիցեյում, ապա՝ Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանում։ Նա շեշտել է, որ այժմ բանակում «նոր հեռանկարներ են բացվել գերագույն հրամանատարին ըստ արժանվույն ծառայելու համար»։
Գեներալն իհարկե նշել է, որ նոր նախարարի պարտականությունների շարքում է «Ղարաբաղի վերադարձը», ինչպես նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը։
Լրագրողի այն հարցին, թե ինչ տրամադրությամբ է ճանապարհել Աբիևին, Աքպերովը պատասխանել է՝ «ինչպես միշտ»։
Լուրեր են պտտվում, որ Աքպերովը, չի բացառվում, նշանակվի Հասանովի պաշտոնին, այսինքն՝ Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար։ Վերջինս հավաստիացրել է, որ անձամբ տեղյակ չի, իրեն նման բան չեն հաղորդել։
Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևի ու Ռովշան Աքպերովի ներքին հակամարտության մասին արդեն մի քանի տարի է, ինչ բացահայտ խոսվում է ադրբեջանական մամուլում։
Վերջին աղմկահարույց դեպքը գրանցվել է հունիսի 28-ին, երբ ադրբեջանական կայքերը լուրեր էին տարածել՝ հունիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակի զորահանդեսին չէին հրավիրել Աքպերովին։
Ինչպես հաղորդում են ՊՆ-ից փակ աղբյուրները, Աքպերովը, պարզելով, որ իրեն հրավեր չեն ուղարկել, հունիսի 25-ի ուշ երեկոյան օգտագործել է նախագահականում իր ունեցած կապերը, արել ամեն ինչ, որպեսզի Իլհամ Ալիևը կարգադրի հրավեր ուղարկել իրեն՝ արդյունքում ներկա լինելով ռազմական շքերթին։
Տարիներ շարունակ Ադրբեջանի ամենաերիտասարդ գեներալին՝ Ռովշան Աքպերովին, համարում են ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի մրցակիցը։
Ըստ որոշ տեսակետների՝ հենց այդ պատճառով էլ Աբիևը Բաքվի կայազորի պետի պաշտոնից հեռացրել է վերջինիս։ Աքպերովը, մտերիմ լինելով Իլհամ Ալիևի հետ, և ժամանակին աջակցելով Հեյդար Ալիևին ընդդիմադիրներին չեզոքացնելու հարցում, նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
Մինչ Հասանովի նշանակումը, Ադրբեջանում ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են՝ հավանականությունը մեծ էր, որ Աքպերովը կդառնար պաշտպանության նոր նախարար։ Շամխորում նրան աջակցում էր մեծահարուստ գործարար, Բաքվի կլանի ներկայացուցիչ Ֆազիլ Մամեդովը։ Վերջին տվյալների համաձայն՝ գործարարն Աքպերովին նվիրել է «Ֆորդ» մակնիշի զրահապատ ավտոմեքենա։
Ռովշան Աքպերովի՝ հրամանատար նշանակվելուց հետո Շամխորի բանակային կորպուսում աճել է կաշառակերության, ոչ մարտական զոհերի ու ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցված միջադեպերի թիվը։ Վերջին դեպքը Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստն էր, երբ զինծառայողը մահվանից ժամեր առաջ ֆեյսբուքյան գրառումներում դժգոհել էր պետությունից։
Հիշեցնենք, որ Ռովշան Աքպերովը մեկն էր այն զինվորականներից, ում 1992-ին մեղադրում էին սխալ մարտավարության և անգործության հետևանքով «Շուշին հայերին հանձնելու համար»։ Նա նաև դավաճանել է սեփական մարտական ընկերներին. 1994-1995 թթ. հենց Աքպերովի հրամանով զինվորները գնդակահարել են Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերաններին նրանց քաղաքական հայացքների համար։
Բացի այդ, Ադրբեջանի ազգային հերոսը, պարզվում է, ալկոհոլի և թմրանյութի սիրահար է։ 2001-ին էլ նա Կիևում ոչ սթափ վիճակում դանակահարել ու սպանել է գործարար Էլչին Ալիևին։ 2001-ին Կիևում սպանված գործարար Ալիևի մոր խոսքերով՝ իր որդու մահվան հարցում առաջին մեղավորը Շամխորի բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերով է, որը 2000-ականների սկզբին ուսանում էր Կիևի ռազմական ակադեմիայում։
Ալիևան վկայում է՝ իր որդու ու Աքպերովի միջև վեճ է ծագել, սակայն դրա իրական պատճառներն իր համար անհայտ են մնում։ Սպանվածի մայրն ասել է, որ Աքպերովի մեղավորության մասին տեղեկությունը լսել է Ուկրաինայում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայումս Սփյուռքի հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Նազըմ Իբրահիմովից։