Ադրբեջանի ռազմական փորձագետները՝ նորանշանակ և պաշտոնաթող նախարարների մասին

Հոկտեմբերի 22-ին Իլհամ Ալիևի հրամանագրով Սաֆար Աբիևին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինեց Զաքիր Հասանովը՝ Ադրբեջանի ներքին գործերի նախկին փոխնախարարը։ Ադրբեջանի փորձագետները հիմնականում հոռետեսական գնահատականներ են տալիս՝ ԶՈւ դրական փոփոխություններ չկանխատեսելով։

Սաֆար Աբիև, Զաքիր Հասանով

Սաֆար Աբիև, Զաքիր Հասանով

«Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արասթան Օրուջլուն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը մեկնաբանել է, որ Հասանովի նշանակումն ուղղված չէ «բանակում բարեփոխումներ կատարելուն, ընդամենն իշխանությունն ամրապնդելու քայլ է»։ Նրա խոսքերով՝ ներքին զորքերն ինքնին հանդիսանում են քաղաքական իշխանության գործիք։ «2003-2005 թթ. Հասանովի գլխավորած ներքին զորքերն ակտիվորեն ու դաժան կերպով ճնշում էին հետընտրական ցույցերը»,-շեշտել է փորձագետը՝ նկատելով՝ Սաֆար Աբիևը, որը պատասխանատու է ԶՈւ ոչ մարտական կորուստների և բանակում լուրջ խնդիրների համար, պատվով պաշտոնաթող է արվել։

Այս տեսակետը կիսում է նաև «Դոկտրինա» լրագրողների ռազմական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին։

«Կարծում եմ՝ Սաֆար Աբիևի պաշտոնանկության պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի վստահության նվազումն է վերջինիս նկատմամբ։ Դրա ապացույցն այն է, որ Աբիևին չէին հրավիրել հոկտեմբերի 22-23-ը կայանալիք ՆԱՏՕ-ի ռազմական գերատեսչությունների հավաքին։ Բացի այդ, գեներալները նույնպես աչքի չեն ընկնում Աբիևի նկատմամբ վստահությամբ։ Ես կասկածում եմ, որ Աբիևին կպատժեն կամ կդատապարտեն կատարած հանցանքների, մասնավորապես իր հրամանով ռազմական փորձագետների վրա կատարված հարձակումների համար, դժվար թե այս գործերը նույնիսկ հանգամանորեն հետաքննվեն։ Նոր նախարարը հսկայական գործ ունի անելու, պետք է վերջ դրվի զինծառայողների իրավունքների խախտումներին, կաշառակերությանը, դատական որոշումները զինծառայողների սոցիալական ապահովման ուղղությամբ պետք է ի կատար ածվեն»,-հավելել է Սումերինլին։

Ինչ վերաբերում փորձագետ Ուզեիր Ջաֆարովին, ապա վերջինս հակված է այն տեսակետին, որ դեռ վաղ է գնահատականներ տալ նորանշանակ նախարարին։ «Բանակում խնդիրները շատ խորն են, դժվար թե Հասանովը կարողանա կարճ ժամանակում լուծել դրանք։ Նախ պետք են կադրային փոփոխություններ։ Պետք է նախ պաշտոնանկ անել ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիգովին ու պաշտպանության փոխնախարար Չինգիզ Մամեդովին»,-եզրափակել է Ջաֆարովը։

Հիշեցնենք, որ Սաֆար Աբիևը պաշտոնավարում էր 63 տարեկան հասակում, մինչդեռ ըստ Ադրբեջանի «Ռազմական պարտավորության ու ռազմական ծառայության մասին օրենքի»՝ նա կարող էր պաշտոնավարել միայն մինչև 60 տարեկանը։

Հավելենք, որ ընտրություններից հետո փորձագետների մի մասն արդեն կանխատեսում էր Սաֆար Աբիևի պաշտոնից հեռանալը՝ վկայակոչելով, որ վերջինս բացասական կերպար էր դարձել հասարակության ու այլ երկրների պատկան մարմինների համար։ Պատճառներրը շատ են՝ սկսած ոչ մարտական զոհերի քանակից մինչև ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման  խեղաթյուրումը, ձայնագրության հրապարակման սպառնալիքները, նախագահական ընտրություններում գործող նախագահին ակնհայտորեն աջակցելը, ԶՈւ ոչ մարտական կորուստների մեծ քանակի դեմ ուղղված երկու խոշոր ցույցերին չարձագանքելը, ինչպես նաև ԳՇ պետ Նաջմեդդին Սադիգովի և Շամխորի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի հետ ունեցած հակասությունները։ Նշված վերջին պատճառի հետևանքով նա աջակցություն չուներ ԶՈւ և ՊՆ շրջանակներում։

Այնուհանդերձ, Սաֆար Աբիևն ադրբեջանական լրատվակայքերից մեկին մեկնաբանել է, որ «նորմալ է ընկալում իր պաշտոնանկությունը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *