Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ներկայացվել է պաշտպանության նախարարության անձնակազմին և ԶՈւ ղեկավարությանը։ Արարողությանը ներկա է եղել նաև արդեն իսկ նախկին նախարար Սաֆար Աբիևը։
Արարողությունը կայացել է պաշտպանության նախարարության շենքում։ Մասնակցել են Ադրբեջանի նախագահական աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահիդ Ալիևը, բանակային կորպուսների հրամանատարներն ու ստորաբաժանումների հրամանատարներ։
Վահիդ Ալիևը ներկաների համար ընթերցել է Իլհամ Ալիևի հրամանագիրը՝ նոր նախարար նշանակելու վերաբերյալ, ապա շնորհավորել Զաքիր Հասանովին։ Վերջինս էլ իր հերթին շնորհակալական խոսք է ասել Սաֆար Աբիևին։ Աբիևը պաշտպանության նոր նախարարին մաղթել է հաջող պաշտոնավարում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը, որին միաժամանակ շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։
54-ամյա Զաքիր Հասանովը մինչ նոր պաշտոնի անցնելը զբաղեցնում էր Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնն ու հանդիսանում էր ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարը՝ կրելով գեներալ-լեյտենանտի կոչում։