ԵԽ պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունեցին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, ում հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց «Այընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի քննությանը և այլ հարցերի։

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ա. Նազարյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է խորացնել առկա կառուցողական երկխոսությունը ԵԽ-ի հետ` ի նպաստ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների շրջանակում զինված ուժերի կառավարման համակարգի կատարելագործման:

Հյուրերի խնդրանքով քննարկվեցին «Այընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի քննությանը, զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության հարցերում քաղաքացիական հասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Պաշտպանության նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձավ նաև զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքներ» առարկայի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերին:

Հանդիպման վերջում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերին պատշաճ արձագանքելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *