Ադրբեջանը «սուտ» է որակում, ՀՀ ՊՆ-ն՝ փաստերով պատասխանում: Իրանում և Սիրիայում անհանգիստ է. օրվա ամփոփում

«Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են խորացնել ռազմա-տեխնիկական համագործակցությունը»,- նման հայտարարությամբ են հանդես եկել ՌԴ և ՀՀ ԱԱԽ-ների քարտուղարները: Ադրբեջանի ՊՆ-ն «սուտ» է որակել Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որին հաջորդել է ՀՀ ՊՆ-ի պատասխանը: ՄԱԿ-ն էլ 1 մլրդ դոլարով մտադիր է նվազեցնել խաղաղապահների ֆինանսավորումը:

  • «Խորացվելու է համագործակցությունը ռազմարդյունաբերական համալիրների հարցում, ստեղծելու է համատեղ ձեռնարկություն, խորացվելու է համագործակցությունը սահմանապահ ոլորտում: Մասնավորապես, արդիականացվելու է համակարգը իրանական սահմանին»,- նման հայտարարություն են արել ՀՀ և ՌԴ ԱԱԽ քարտուղարները: ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
  • Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որ Ադրբեջանի կողմից արձակված 10 կրակոցից պատասխանում ենք միայն մեկին՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հայտարարել է. «Թե Ադրբեջանում, թե Հայաստանում, այդ թվում այդ երկրի պաշտպանության նախարարությունում, բոլորը լավ գիտեն, որ Սեյրան Օհանյանը ստում է»:
  • Հայկական կողմի պատասխանը չի ուշացել: «ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալներով 2010 թ.-ին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 7500 անգամ, իսկ 2011թ.-ին՝ 13500 անգամ: Իրական փաստը սա է, որի մասին տեղյակ են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցները: Մնացյալը ադրբեջանական ապատեղեկատվության գրչակների մտքի զառանցանքն է»,-արձագանքելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը:
  • Կառավարության շենքի դիմաց հավաքված ծնողների այն դիտարկմանը, թե հաշմանդամ զինվորների թոշակի հարցով պաշտպանության նախարարը նույնպես պետք է պատասխանատվություն կրի՝ Ս. Օհանյանը պատասխանել է.  «Ասեք՝ ի՞նչ անեմ, մտնեմ գետնի տա՞կ, ինձանից կախված չի: Ես նորից կխնդրեմ, եթե ուզում եք նման հերթապահ բաներ ասեմ»:
  • 2008թ.-ին Ագարակում մահացած Նարեկ Գալստյանի հորաքույրն ասել է, որ իր եղբոր որդուն սպանել են Ագարակի զորամասի սպայական կազմի անդամները և բողոքել է դատարանի վճռի դեմ:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  1. ՄԱԿ-ը 2012 թ.-ին ծրագրում է կրճատել խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը՝ 8 մլրդ դոլարից իջեցնելով 7 մլրդի:
  2. «Իրանի ռազմանավերն ունեն խաղաղ նպատակներ: Դրանք տարածաշրջանի երկրներին բերում են խաղաղություն և անվտանգություն: Իրանը պատրաստ է հարևան երկրների հետ անցկացնել համատեղ զորավարժություններ»,- ասել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
  3. Իսկ Պենտագոնը Պարսից ծոցում ու Արաբական ծովում տեղակայում է ավելի քան 320 «Տոմահավկ» տեսակի թևավոր հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախներ Իրանի գրեթե ողջ տարածքում:
  4. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ռազմավարական հարցերով խորհրդական Ալիռեզա Ֆորգանին հայտարարել է, թե Իրանը պետք է Իսրայելի վրա հարձակվի մինչև 2014 թ.-ը:
  5. Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է. «ԱՄՆ-ն Իրանի հաշվին փորձում է սքողել իր անհաջողությունները»:
  6. Եթե նախկինում Պեկինն Իրանից ներկրում էր իրանական ածխաջրածինների 20 %-ը, ապա հունվարից գնման ծավալները երկու անգամ կրճատվել են`հասնելով 285 հազար բարելի: Նման քայլը հիմնականում բացատրվում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից՝ Չինաստանի օգտվելու ցանկությամբ, որը կնպաստի իրանական վառելիքի գնման ծախսերի նվազմամբ:
  7. ԱՄՆ-ը չի ծրագրում ռազմական օպերացիա սկսել Սիրիայի դեմ և կողմ է հակամարտության դիվանագիտական լուծմանը: Հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Փերինը:
  8. Մինչ ԱՄՆ-ն նման հայտարարություն է անում՝ իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ  Սիրիայի տարածք են մտցվել Մեծ Բրիտանիայի և Կատարի հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք երկրում ծավալվող մարտական գործողություններին անմիջականորեն չեն մասնակցելու, այլ հանդես կգան սիրիացի ապստամբների խորհրդականների դերում:
  9. Թուրքիայում՝ PKK-ի  հետ բախման հետևանքով մահացել է 1 թուրք զինվորական, վիրավորվել՝ 6-ը:
  10. Առանց զոհերի չի անցել նաև Պակիստանում. ամերիկյան անօդաչու սարքի հարվածի արդյունքում սպանվել է Պակիստանում «Ալ-Կաիդայի» օպերատիվ հրամանատար Բադար Մանսուրը:
  11. Ամերիկյան ռազմական օդանավից այսօր խոշոր մասեր են ընկել Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայի ճանապարհին: Դրանք պատկանել են հետախուզության համար օգտագործվող EA-6B Prowler օդանավին: Ըստ ոստիկանության տվյալերի՝ ճանապարհին ընկած է եղել վեց մաս, որոնցից ամենախոշորի չափը 120-ից 180 սմ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *