Ռուսական զորավարժարանում պայթյունը խլել է 6 հոգու կյանք

Ռուսաստանում հոկտեմբերի 22-ին Պսկովի «Ստրուգի Կրասնիե» զորավարժարանում պայթյուն է գրանցվել, որին զոհ են դարձել ստաժավորում անցնող 5 կուրսանտ և 1 պայմանագրային զինծառայող:

«Ստրուգի Կրասնիե» զորավարժարան

«Ստրուգի Կրասնիե» զորավարժարան

ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը հայտարարել է, որ միջադեպը եղել է 19:00-ին, երբ կուրսանտներն ու զինծառայողները հետ էին վերադառնում կրակելու վարժանքներից հետո:Բացի նշված 5 զոհից, ինչպես վկայում է ՌԴ ՊՆ-ն, ևս 2 զինծառայող վիրավորվել է:

Ռուսական «Իտար-Տասս» լրատվական գործակալության տվյալներով՝ միջադեպի պատճառն անհայտ ծագման օբյեկտի պայթյունն էր, սակայն «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հաղորդում է՝ զինամթերք է պայթել:

ՌԴ ՊՆ-ն որոշ ժամանակ անց հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ պայթյունի պատճառը չպայթած հրետանային զինամթերքն է։ Այդպիսի եզրահանգման են եկել՝ պայթյունի ալիքի տարածման, պայթյունի տեղում առաջացած փոսի և զինծառայողների ստացած վնասվածքների ուսումնասիրությունից։

Ռազմաբժշկական վարչության ղեկավար Ալեքսանդր Ֆիսունը լրագրողներին ասել է, որ վիրավոր զինծառայողների վիճակը ծանր է, նրանք լուրջ վնասվածքներ են ստացել։

Կատարվածի մասին արդեն հայտնել են ՌԴ նախագահին: Շամանովը պաշտպանության նախարարի հրամանով ուղևորվել է դեպքի վայր:

ՌԴ ՊՆ-ն պատրաստակամություն է հայտնել զոհվածների ընտանիքին ֆինանսական օգնություն ցուցաբերելու:

Ըստ «Ռիա Նովոստիի»՝ զոհված կուրսանտները սովորում էին Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարային ուսումնարանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *