ԱՄՆ-ում ավարտել են աշխարհի ամենամեծ ականակիր նավի կառուցումը

Միացյալ Նահանգներում ավարտել են Zumwalt (Զամվոլտ) տիպի ականակիր նավի շինարարությունը, որը դարձել է իր չափերով ամենամեծ ականակիրն աշխարհում։ Այն կառուցվել է ամերիկյան Բեթ Այրան Որքս նավաշինարանում։

Սպասվում էր, որ այն ջուրն է իջեցվելու հոկտեմբերի կեսերին հանդիսավոր արարողությամբ, սակայն ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի դադարեցումը խանգարել է միջոցառման իրականացմանը և հետաձգել այն, փոխանցում է ավստրալական «Հերալդ Սան» պարբերականը։

Զամվոլտ տիպի ականակիր նավ

Զամվոլտ տիպի ականակիր նավ

Զամվոլտն ունի 14.500 տոննա ջրատարողություն, երկարությունը կազմում է 183 մետր։ Ունի էլեկտրական շարժիչ, որն աշխատում է 78 մեգավատտ հզորությամբ։ Անձնակազմը շուրջ 160 հոգի է։

Ռազմանավի սպառազինության մեջ մտնում է «Տոմահավկ» հրթիռների արձակման 20 միավոր «Mk. 57» կայան։

Նավն ունի նաև սեփական ավիացիոն խումբը, որը բաղկացած է Սիկորսկի «Սի Հոք» SH-60 ուղղաթիռից և 3 միավոր անօդաչու թռչող սարքից։
Նմանատիպ ականակիր նավի կառուցումը զգալի գերազանցում է սովորական ականակիրների կառուցման ծախսերը։ Այսպես, մեկ միավոր Զամվոլտ տիպի ականակիր նավն արժենում է շուրջ 3,5 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 3 անգամ ավել է սովորական ականակիր նավի արժեքից։

Սպասվում է, որ ևս 2 «Զամվոլտ» տիպի նավ ջուրը կիջեցվեն հաջորդ տարվա ապրիլին։

Հավելենք նաև, որ ականակիր նավը կրում է ամերիկացի ծովակալ Էլմո Ռասել Զամվոլտի անունը, ով աչքի է ընկնել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *