Բաշար Ասադը քննադատել է Ժնևի համաժողովը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Ժնևի գագաթաժողովի առնչությամբ՝ նշելով, որ «որոշումն ընդունելու է Սիրիայի ժողովուրդը՝ անկախ նրանից՝ մյուս երկրները կընդունեն դա, թե ոչ»։ Նա չի բացառել նաև իր թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններին։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ

Արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքի եթերում Սիրիայի նախագահը կասկածանք է հայտնել, որ Ժնևի՝ Սիրիայի հակամարտության խաղաղ լուծումներ սահմանելուն ուղղված բանակցություններին մասնակցելու են «սիրիական ժողովրդին իրապես ներկայացնող ուժերը»։

Բացի այդ, Ասադը տեղեկացրել է նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հավանականության մասին։

«Անձամբ ես չեմ տեսնում չառաջադրվելու որևէ պատճառ»,-իր խոսում ընդգծել է նա։

Այնուհանդերձ, նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերջերս հայտարարել էր՝ Բաշար Ասադի վերընտրվելը կերկարաձգի Սիրիայի քաղաքացիական պատերազմը։

Հավելենք նաև, որ Սիրիայի զինյալների խմբավորումներին ներկայացնող ուժերն արդեն հաղորդել են Ժնևի համաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին։ Այս ուժերի կոալիցիայի որոշ ներկայացուցիչներ էլ, համաձայն AFP լրատվական գործակալության տվյալների, իրենց որոշման մասին կտեղեկացնեն նոյեմբերի սկզբին։

«Սիրիայի ընկերներ» խումբը, որը ստեղծվել է 2012-ի փետրվարին, դեռևս օգոստոսի վերջին հրաժարվել էր համաժողովին մասնակցելուց։ Նշենք, որ խմբի անդամներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Քաթարը, ԱՄԷ-ն, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ, մինչդեռ ԵՄ-ն դեռևս մայիսին կոչ էր արել ակտիվորեն մասնակցել Ժնևի միջազգային համաժողովին։

Նշենք նաև, որ Սիրիայի՝ ընդդիմադիր համարվող «Ազգային կոալիցիան» հրաժարվել է համաժողովի մասնակցությունից և որպես նախապայման պահանջում էր Բաշար Ասադի հրաժարականը։

Հիշեցնենք, որ Ժնևի համաժողովի նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչություններին։ Այս բանակցությունները, ինչպես ծրագրված է, ընթանալու են Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացման համատեքստում։ Համաժողովը կայանալու է 2013-ի նոյեմբերին։

Նշենք, որ ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հոկտեմբերի 6-ին սկսել էին Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացը։ Նրանք ժամանել էին հատուկ զորավարժարան, որտեղ էլ կատարել էին ոչնչացման աշխատանքներ։

Ավելի վաղ փորձագետները հայտարարել էին, որ բացի ծանր տեխնիկայից՝ մտադիր են օգտագործել պայթուցիկ նյութեր, բացի այդ հավանական են համարել բետոնի միջոցով թունավոր նյութերի արտադրման սարքավորումները շարքից դուրս բերելը։

ԱՄՆ և ՌԴ արտաքին գերատեսչությունները գոհունակություն էին հայտնել փորձագետների աշխատանքի վերաբերյալ։

Հավելենք, որ սկզբնական շրջանում ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ էր ծառայում օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու էին համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 110 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *