Սիրիայի հարավարևմտյան Թաֆաս քաղաքի մատույցներում ընթացող մարտերում սպանվել է «Սիրիայի ազատ բանակ» անունը կրող զինյալների խմբավորման հիմնադիրներից մեկը՝ Յասիր ալ-Աբուդը։ Սիրիայի զինված ուժերի նախկին սպան առաջիններից էր, որ անցավ զինյալների կողմը և սկսեց կռվել կառավարական զորքերի դեմ։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, դեպքը գրանցվել է հոկտեմբերին 21-ին։ Զինյալները պնդում են, որ իրենց հրամանատարը սպանվել է, երբ իրենք հարձակում են կազմակերպել կառավարական զորքերի հենակետերից մեկի վրա։ Հարձակման գործողությունն ուղղորդել է անձամբ ալ-Աբուդը։
Նշենք, որ ալ-Աբուդը ստեղծել ու գլխավորել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման այսպես կոչված «Հարավային տարածաշրջանային խորհուրդը»։ Սա մի կառույց էր, որի միջոցով ղեկավարում էին Դերաա քաղաքում և Հորդանանի սահմանամերձ շրջաններում տեղակայված զինյալների տարբեր խմբավորումներին։
Հավելենք, որ վերջին ամիսների ընթացքում, ըստ փորձագետների, «Սիրիայի ազատ բանակը» ընկրկել է և թուլացել՝ մի շարք արմատական իսլամիստական խմբավորումների ձևավորման ու զարգացման պատճառով։ Դրանց շարքում առանձնանում են «ալ-Նուսրայի ճակատ» և «Լևանտի և Իրաքի իսլամական պետություն» խմբավորումները։
Ներկա դրությամբ Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում են Դերաա շրջանի տարածքի կեսից ավելին։ Նույնանուն քաղաքում 2011-ի մարտին նախագահ Բաշար Ասադի դեմ ընդվզումներ էին գլուխ բարձրացրել, որոնք շարունակվում են շուրջ 31 ամիս։ Սիրիայի հակամարտության զոհ են դարձել մոտ 115 հազար մարդ։