Իրանը ՌԴ-ին է նվիրել ամերիկյան անօդաչու թռչող սարքի կրկնօրինակը

Հոկտեմբերի 21-ին այցով Թեհրանում գտնվող ռուսական զինվորական պատվիրակությանն իրանցիները նվիրել են իրենց կողմից չեզոքացված ամերիկյան արտադրության ScanEagle (ՍքանԻգլ) անօդաչու թռչող սարքի կրկնօրինակը, որի սերիականա արտադրության մասին հայտարարվել էր տարեսկզբին։

ՌԴ և Իրանի զինվորականները զննում են ScanEagle-ի կրկնօրինակը

ՌԴ և Իրանի զինվորականները զննում են ScanEagle-ի կրկնօրինակը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աերոտիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհը նվերը հանձնել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևին։

Ռուսական պատվիրակությանն են փոխանցվել նաև տեսանյութեր, որոնցում պատկերված են ներկայում Պարսից ծոցում գտնվող արտասահմանյան ռազմանավերըմ տեղեկացնում է Times of Tehran-ը։

Նշվում է, որ ամերիկյան ScanEagle անօդաչու թռչող սարքի կրկնօրինակն արտադրվել է իրանական ձեռնարկություններից մեկում։ Դեռևս փետրվարին իրանական կողմը հայտարարել էր, որ սկսում է ScanEagle-ի կրկնօրինակ հանդիսացող ԱԹՍ-ների սերիական արտադրությունը։

Հիշեցնենք, որ ScanEagle-ին իրանական կողմը կարողացել էր տիրել 2012 թվականի դեկտեմբերին։ Սակայն հստակ հայտնի չէ, թե որ երկրի զինված ուժերին է պատկանում այն։

Ոչ մեծ չափերի ScanEagle հետախուզական անօդաչու թռչող սարքն արտադրում է «Բոինգ» ընկերությունը։ Նմանատիպ ԱԹՍ-ները հիմնականում օգտագործվում են ռազմանավերում, որտեղից նրանք արձակվում են՝  100 կմ շառավղով հետախուզություն իրականացնելու համար։ Այն կիրառվում է աշխարհի մի շարք բանակներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *