Կահիրեում 3 մարդ է զոհվել ղպտիների հարսանիքի ժամանակ անհայտ անձանց բացած կրակի հետևանքով։ Ականատեսների վկայությամբ` զինված անձինք մոտոցիկլետներով մոտեցել են ու անկանոն կրակ բացել հարսանիքի մասնակիցների ուղղությամբ։
Ոստիկանության տվյալներով` առնվազն 9 մարդ է վիրավորվել։ Նշվում է նաև զոհված 8-ամյա աղջկա մասին։ Դեպքը եղել է Գիզայում՝ Կահիրեի արվարձաններից մեկում՝ ղպտիական եկեղեցու մոտ։
BBC-ի տվյալներով` քաղաքի այդ մասում են մի շարք օտարերկրյա դեսպանություններ։ Խմբավորումներից ոչ մեկը պատահարի պատասխանատվությունն իր վրա դեռ չի վերցրել։
Ըստ եգիպտական լրատվամիջոցների՝ եկեղեցու քահանան հայտնել է, որ եկեղեցին անպաշտպան է մնացել հունիսի վերջից, երբ այնտեղից հեռացրել են ոստիկաններին։
Ղպտիների համայնքը հաճախակի թիրախ է դառնում իսլամիստների կազմակերպած ահաբեկչություններին։ Ահաբեկիչները համարում են, որ նաև ղպտիների միջամտությամբ է իրականացել Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունը։
Պատճառն այն է, որ երբ գեներալ Աբդուլ Ֆաթիհ Սիսին հեռուստատեսությամբ հայտնում էր Մուրսիի պաշտոնանկության լուրը, նրա կողքին էր նաև ղպտիների պատրիաք Թավադորոս Երկրորդ Ալեքսանդրիացին։ Ղպտիների հոգևոր առաջնորդը այդ ժամանակ հայտնեց, որ զինվորականների առաջարկած գործողությունների ծրագիրը կազմվել է ի շահ Եգիպտոսի։
Դրանից հետո իլամիստները բազմիցս խոստացել են պատժել պատրիարքին, իսկ ղպտի բնակչությունը մի շարք հարձակումների է ենթարկվել։
Ղպտիները հին եգիպտացիների հետնորդներն են, որոնք 5-րդ դարում ընդունել են քրիստոնեություն։ Ղպտիական եկեղեցին ղեկավարում է պատրիարքը, որի նստավայրը Կահիրեն է։ Ներկայումս ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության շուրջ 10 տոկոսը։