Պակիստանում զինյալներն ուղևորատար գնացք են պայթեցրել

Պակիստանում ահաբեկիչներն ուղևորատար գնացք են պայթեցրել, որի հետևանքով մահացել է նվազագույնը 7 մարդ, իսկ 16 հոգի վնասվածքներ են ստացել։ Հոսպիտալացվածներից 6-ի վիճակը ծանր է։ Այս մասին գրում է պակիստանյան DAWN  թերթը։ Իսկ ահա AFP-ի տվյալներով մահացել է 6 մարդ, իսկ հիվանդանոց են տեղափոխվել ավելի քան 17-ը։

Ահաբեկչությունն եղել է հոկտեմբերի 21-ին Նասիրաբադ (Բելուջիստան նահանգ) շրջանում։ Ինչպես հստակեցրել է ներքին գործերի նախարարության շրջանային ղեկավար Ասադ Գաիլանին՝ զինյալներն օգտագործել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք տեղադրել են Jaffar Express գնացքի ճանապարհին։ Պայթյունի հետևանքով վագոնների մի մասը դուրս է եկել գծերից։

Գնացքում պայթյունի պահին հարյուրավոր մարդիկ են եղել, որոնց մեծ մասը վերադառնալիս է եղել Բելուջիստան՝ Փենջաբիում «Կուրբան բայրամ» տոնը նշելուց հետո։

Դեռևս ահաբեկչական ոչ մի խմբավորում պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, սակայն Բելուջիստանում ակտիվորեն գործում է «Բելուջական հանրապետական բանակը»։ Այս խմբավորման մասնակիցներն ինքնավարություն են ուզում և իրենց նպատակին հասնելու համար նրանք հարձակվում են անվտանգության աշխատակիցների վրա, խափանում են էլեկտրահաղորդակցման լարերն ու պայթեցնում են գազատարերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *