Ադրբեջանում լեզգիաբնակ շրջանում փոխհրաձգության է գրանցվել. կան զոհեր

Ադրբեջանի հյուսիսային լեզգիաբնակ Գուսարի շրջանում գրանցված փոխհրաձգության հետևանքով ոստիկանության մայոր է մահացել։ Ադրբեջանը կրակողներին բնութագրում է որպես «ծայրահեղական կրոնական խմբավորման անդամներ»։

Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ ոստիկանության մայոր Գալիբ Գուլիևը տեղում մահացել է, 3 ոստիկաններ էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։

Հոկտեմբերի 17-ին հաղորդվում էր, որ կրակ բացած անձանց հաջողվել է փախչել, որոշ ժամանակ անց ոստիկանության բաժանմունքից հայտնում են՝ հաջողվել է նրանց «զինաթափ անել»։

Հոկտեմբերի 19-ին մանրամասներ են հրապարակվել փոխհրաձգության միջադեպից։ Պարզվում է՝ կրակողները Գուսար քաղաքի բնակիչներ Ֆաիգ Շահմուրադովն ու Ռամիզ Ռահիմխանովն են, որոնք փորձում էին ազատ արձակել իրենց ընկերոջը՝ Էդիկ Ռուսթամովին։ Վերջինիս ոստիկանները տարել էին քաղաքի ծայրամասերից մեկը՝ «ապօրինի ճանապարհով սեփականաշնորհած գումարները հայտնաբերելու նպատակով»։ Կրակ բացելուց հետո Շահմուրադովն ու Ռահիմխանովը պատսպարվել են մոտակա անտառում։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ «դաժան մարտեր են ընթացել անտառում, քանի որ հանցագործները զինված էին ձեռքի նռնակներով ու ինքնաձիգերով։ Հատուկ նշանակության ստորաբաժանման օգնությամբ նրանք չեզոքացվել են»։

Մի շարք այլ հետաքրքիր մանրամասներ են երևան եկել. սպանված մայոր Գուլիևը 2012-ին ծառայության ընթացքում վիրավորվել էր՝ իսլամի վահաբիստական ուղղության հետևորդներին որսալու հատուկ գործողության ընթացքում։

Բացի այդ, Ադրբեջանի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում բնակվում են մեծ թվով լեզգիներ ու ավարներ։ Գուսարի շրջանում լեզգիների թիվը, ըստ 2009-ի մարդահամարի, 90%-ից ավել է։ Նրանք դավանում են իսլամի սունիական ուղղությունը, մինչդեռ Ադրբեջանում տարածված է շիա մուսուլմանական ուղղվածությունը։ Հաշվի առնելով դավանաբանական տարբերությունները՝ Ադրբեջանի իշխանություններն ազգային փոքրամասնություններին ճնշելու և օրենքի սահմաններում հետապնդելու պատրվակ են գտել, նրանց բնորոշում են որպես «վահաբականներ»։

Ադրբեջանի ներքին զորքերի ստորաբաժանումները Գուսարի շրջանում հաճախ գործողություններ են կազմակերպում, ինչը հանգեցնում է երիտասարդ բնակիչների արտագաղթի։

Հավելենք, որ վահաբականությունն իսլամի ծայրահեղական ուղղություն է, ծագել է 18-րդ դարում։ Նրա սկզբունքներից մեկը ենթադրում է «ցանկացած անհավատին սպանելու անհրաժեշտություն»։ Վահաբիստները կտրականապես դեմ են իսլամի մյուս ուղղություններին, հատկապես Ռուսաստանի տարածքում տարածված սուֆիզմին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *