ՌԴ զինված ուժերում նախատեսվում է անցնել կապի թվային համակարգի, որի կազմում կլինեն ղեկավարման ավտոմատացված և տեղեկատվական անվտանգության համակարգերը, ինչպես նաև տիեզերական, օդային, ցամաքային և ծովային տեղեկատվության փոխանցման էշելոնները։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ Կապի գլխավոր վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-մայոր Խալիլ Արսլանովին։
Ըստ Արսլանովի՝ տիեզերական էշելոնի կազմում կհայտնվեն տիեզերական սարքավորումների խմբեր, որոնք ապահովում են տիեզերական հիմնավորման հենակետային կապի ընդարձակումը, որն էլ աշխատում է «ինտերնետ» կապի սկզբունքով։
Օդային էշելոնը կազմված է լինելու տարբեր տեսակի թռչող սարքավորումների վրա տեղադրված վերահեռարձակիչներից։ Համանման համակարգեր կլինեն նաև կապի՝ ծովային և ցամաքային էշելոններում։
Տեղեկատվական անվտանգության համակարգը պատասխանատու է լինելու փոխանցվող տվյալների ամբողջականության և ստույգության, ինչպես նաև դրանց պահպանման և մշակման համար։
Կապի կառավարման ավտոմատացված համակարգը ներառելու է «միացյալ կապի ծառայությունների համակարգի տեղեկատվական սպասարկում, նույնականացման համակարգեր, հասցեավորում և կոմուտացիա»։
Արսլանովի տվյալներով՝ այժմ կապի թվային սարքավորումներով համալրված են 989 օբյեկտ, որից 192-ը դեռ 2013 թվականի սկզբից միացված են մեկ ցանցի։ Մինչև 2020 թվականը թվային սարքավորումներով նախատեսվում է համալրել ՌԴ ՊՆ մոտ 2 հազար օբյեկտ։
Զինված ուժերում թվային կապի համակարգերն աշխարհի շատ երկրներում կազմում են նոր տիպի բանակի ստեղծման հիմքը։ Այսպես օրինակ՝ ԱՄՆ-ում ստեղծվում է համակարգչային C4ISR համակարգ, Իսրայելում մշակվում է «Թվային բանակ» ծրագիրը։ Իսկ թվային ցանցի կազմավորումը Հնդկաստանում սկսվեց 2011 թվականից։
Նշենք, որ 2011 թվականին Վալերի Գերասիմովը, ով այն ժամանակ զբաղեցնում էր ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, հայտարարել էր զինված ուժերի կապի թվային համակարգերի և ղեկավարման անցնելու մասին։