Բրիտանական հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները՝ Ադրբեջանի համար

Բրիտանական պարբերականի հրապարակած գաղտնի փաստաթուղթը վկայում է՝ բրիտանական հատուկ նշանակության ստորաբաժանումներն ուսումնական վարժանքներ են անցկացրել Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների համար, ինչի մասին պաշտոնական աղբյուրները լռում են։

 

Բրիտանական SAS-ի զինծառայողներ

Բրիտանական SAS-ի զինծառայողներ

Ինչպես նշում է Тhe Sunday Times բրիտանական պարբերականը, Մեծ Բրիտանիայի Հատուկ օդային ծառայության (SAS) հատուկ նշանակության ստորաբաժանումները 6-շաբաթյա դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարների համար, նաև «սովորեցրել են ադրբեջանցիներին շենքերի գրոհի գործողությունների հմտությունները»։

Ըստ աղբյուրի՝ վարժանքներն իրականացվել են 2006-ին՝ կրելով Operation Lanark ծածկանունը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվակայքերը, ներկայացնելով բրիտանական պարբերականի հրապարակումը, շրջանցել են այն հանգամանքը, որ հոդվածում շեշտված է՝ «Բրիտանացիների նման նախաձեռնությունը նպատակ ունի հետխորհրդային շրջանում իշխող վարչակազմի վրա ազդեցության լծակներ ձեռք բերել»։ Ադրբեջանական մամուլում տեղ չի գտել նաև նույն հրապարակման հետևյալ պարբերությունը. «Ալիևյան վարչակազմին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս մեղադրել են կասկածելի գործերով քաղաքական ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունների համար, ինչը նպատակ էր հետապնդում լռեցնել ընդդիմությանը»։

Պարբերականը նաև ընդգծում է, որ վարժանքների արդյունքում ծրագրվում էր ուժեղացնել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ազդեցությունն Ադրբեջանի տարածքում՝ հաշվի առնելով, որ վարժանքներն անցկացվել են արտգործնախարարության պատվերով։

Բարդ է ասել՝ որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, հատկապես որ փաստաթուղթը դեռ ոչինչ չի ապացուցում, իսկ մեր ունեցած միակ աղբյուրը՝ The Sunday Times-ը, հայտնի է իր «դեղին» հրապարակումներով։ Վարժանքների վայրից լուսանկարներ չկան, անհայտ է նաև, թե ենթադրյալ վարժանքներին քանի զինծառայող է մասնակցել։

Այնուհանդերձ, հարկ է հավելել, որ դեռևս 2012-ին արաբական մի քանի հեռուստաընկերություններ լուրեր էին տարածել՝ Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները, այդ թվում՝ SAS-ը, վարժանքներ են անցկացնում Սիրիայի զինյալների համար՝ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ կռվելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *