Պերուի ռազմաօդային ուժերը վերաբացել են ՉԹՕ-ների հետաքննությամբ զբաղվող դեպարտամենտը

Պերուի ԶՈւ ռազմաօդային ուժերը վերականգնել են ՉԹՕ-ների ուսումնասիրությամբ զբաղվող Անոմալ երկնային երևույթների հետաքննության դեպարտամենտը (DIFAA): ՌՕՈւ-ն հավաստիացրել է, որ DIFAA-ի վերաբացումն անհրաժեշտ է՝ չհայտնաբերված օբյեկտների մասին մամուլում հաճախակի հանդիպող նյութերի պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով  ՌՕՈւ գնդապետ Խուլիո Վուսետիչին։

Ըստ International Business Times-ի՝ այդ գերատեսչությունում աշխատելու են ՌՕՈւ զինծառայողներ, սոցիոլոգներ, հնեաբաններ, աստղագետներ։ Նրանք պետք է ստուգեն ՉԹՕ-ների բոլոր հաղորդագրություններն ու վերլուծեն, թե որտեղ, երբ ու ինչ հաճախությամբ են արձանագրվում չհայտնաբերված օբյեկտները։

Նշենք, որ վերջերս տեղի թերթերում տպագրվեցին տեղեկություններ, թե Անդերում գտնվող Մարաբամբա քաղաքում բնակիչները մի քանի օր երկնքում փայլող օբյեկտ են նկատել։

Տեղեկացնենք, որ DIFAA-ը Պերուում գործել է 2001-2006 թվականներին, սակայն այն փակվել էր վարչական նկատառումներով։ Այսպիսի կառույցներ կան նաև լատինական Ամերիկայի երկրներում, ինչպես օրինակ՝ Բրազիլիայում, Արգենտինայում, Չիլիում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *